Search
Close this search box.

Եթե որպես Հայաստան այդ համաձայնությունը տալիս ես, նշանակում է՝ դու էլ ես ընդունում այդ նախապայմանի չեզոքացումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հնարավորության մասին հայտարարություններին։

«Շատ ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանն այսօր թուլացած Հայաստանից և իրենց շահերը սպասարկող իշխանություններից ցանկանում են պոկել ամեն ինչ։ Այս վտանգավոր միտումը տանելու է ի վերջո մեր պետականության վերջնական կործանման։ Այս մարդիկ կամ չեն հասկանում դա, կամ հատուկ են անում այդպես, որպեսզի մենք անընդհատ հայտնվենք թուրք-ադրբեջանական ճիրաններում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Անկարայից հիմա նման հայտարարություն հնչում, Մինասյանը պատասխանեց․ «Այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, որովհետև իրենք են կառուցողական որակում Ադրբեջանի ղեկավարին, դրական ազդակներ էին նկատում Թուրքիայից։ Ակնհայտ է, որ սա մեր ազգային նպատակներին չի ծառայում»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ եթե խոսքը գնում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին, ապա ՀՅԴ կողմ է դրան։ «Բայց երբ խոսում են բարիդրացիության մասին, ո՞ւմ հետ բարիդրացիություն, մի պետության, մի իշխանության, որն ուզում է ոչնչացնե՞լ քեզ։ Առանց մեր ազգային իրավունքները հարգելու, պաշտպանելու, առանց դրանից բխող մեր ազգին պատուհասած արհավիրքները ճանաչելու, դրա հետևանքները վերացնելու, ի՞նչ բարիդրացիական հարաբերություն։ Ձեր թշնամին պատրաստ է ամեն օր, ամեն ժամ մորթել ձեզ, խլել ձեր տունը ձեր ձեռքից, ի՞նչ բարիդրացիություն եք ուզում»։

Ըստ Մինասյանի՝ մեկ բան հստակ է, սա նոր գործընթաց չէ, ինչո՞ւ Թուրքիան ու Ադրբեջանը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հրաժարվում էին հարաբերություններ հաստատելուց։ «Եթե իրենք հասել են իրենց նպատակին կամ հասնում են իրենց նպատակին այս գործընթացում, դա մեր շահերի՞ց է բխում։ Այսինքն՝ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի ոչնչացումն իրենց նպատակն է, և իրենք նման քայլ են իրականացնում, եթե ՀՀ իշխանությունը մի փոքր ազգային մտածողություն ունի, չպե՞տք է ասի՝ լավ, էս մարդիկ ինչո՞ւ են ուզում անպայման այս նպատակն իրականացնել։ Ակնհայտ է, թե թուրքական նախապայմանները որոնք են։ Նախապայմանների մի մասն իրենք արդեն համարում են ոչնչացված, չեզոքացված, եթե որպես Հայաստան այդ համաձայնությունը տալիս ես, նշանակում է՝ դու էլ ես ընդունում այդ նախապայմանի չեզոքացումը։ Իսկ մեկ նախապայմանը Արցախի հարցի փակումն է, վերացումն է։ Եթե իրենք հիմա այս առաջարկն անում են և հանել են այդ նախապայմանը, և դու՝ որպես պետություն, գնում ես համաձայնության, նշանակում է՝ դու էլ ես համաձայն այդ մտքի հետ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Please enter a valid URL