Search
Close this search box.

ԱԱ. Անդրանիկ Կարապետյանը պարգեւատրվեց փոքր ոսկե մեդալով

Անդրանիկ Կարապետյանը պարգեւատրվեց ծանրամարտի աշխարհի առաջնության փոքր ոսկե մեդալով, բայց երկամարտում արդյունք չգրանցվեց:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում Կարապետյանը 175 կգ արդյունքով առաջատարն էր:

Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոնը հաջողությամբ պոկեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ գլխավերեւում պահեց 172 կգը՝ շրջանցելով բոլոր մրցակիցներին եւ նվաճելով այս քաշային կարգի փոքր ոսկե մեդալը: Հայաստանի մարզչական շտաբի որոշմամբ Կարապետյանը գնաց նաեւ երրորդ մոտեցման եւ հաջողությամբ պոկեց նաեւ 175 կգ-ոց ծանրաձողը՝ 4 կգ-ով առաջ անցնելով իրեն հետապնդող վրացի Ռեւազ Դավիթաձեին (171 կգ):

25-ամյա Կարապետյանը հրում վարժությունում զրո ստացավ եւ լքեց պայքարը: Առաջին մոտեցումից հետո Հայաստանի ներկայացուցիչը ոտքի մկանի վնասվածք ստացավ եւ երեք փորձերն էլ ձախողեց: Երրորդ փորձից հետո Կարապետյանին օգնեցին իջնել մրցահարթակից:

Սա Անդրանիկ Կարապետյանի 5-րդ ձախողումն է մեծ սպորտում:

Please enter a valid URL