Այն, ինչ արձանագրել ենք Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում, մեղմ ասած, դժվար է տեղավորել մարդու իրավունքներ հասկացության մեջ։ Սյունիքում վտանգված են ՀՀ քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության իրավունքները։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Դժվարացել է 3 գյուղի տեղաշարժը։ Հատկապես խիստ մտահոգիչ են Որոտան-Շուռնուխ հատվածները։ Այնտեղ ուսուցիչները ստիպված են «Ուրալ» մեքենայով օրվա մեջ 1-2 անգամ գնալ-գալ։ Դա դժվարություններ ու դժգոհություններ է առաջացնում։ Դժվար է պատկերացնել, թե ձյան առատ տեղումների հետևանքով այլընտրանքային ճանապարհն ընդհանրապես կգործի, թե ոչ և արդյոք այդ գյուղերը կդառնան շրջափակման մեջ գտնվող բնակավայրեր, թե ոչ»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանի խոսքով` կան մարդիկ, որոնք իրենց տան պատուհանից նայում են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներին, ինչը դժվարեցնում է մարդկանց կյանքը։