Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող ու իշխանությունների կողմից հաստատված բոլոր ռազմագերիներին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ԿԽՄԿ Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նշենք, որ 27 օր է անցել, ինչ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարվել էին 32 զինծառայող, որոնցից նախ մեկը, ապա 10-ը վերադարձել էին դեկտեմբերի 4-ին։ Բաքվում գտնվողներին օրերս առաջին անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները։
«Կարող եմ հաստատել, որ դեկտեմբերին առաջին անգամ տեսակցեցինք նրանց, ում մասին հաղորդվել էր նոյեմբերի 16-ին։ Առաջին անգամ կարողացանք տեսակցել անձանց, ովքեր նոյեմբերին են գերեվարվել և չեն վերադարձել»,- ասաց տիկին Ամատունին՝ առանց հստակեցնելու, թե քանի հոգու հետ են հանդիպել։
Նրա փոխանցմամբ՝ տեսակցել են բոլոր այն գերեվարվածներին, որոնք հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բացի նոյեմբերի 16-ին գերեվարվածներից, օրերս տեսակցել են նաև 44-օրյա պատերազմում գերեվարված անձանց։
Ամատունին տեղեկացրեց, որ բոլոր անձինք այս անգամ ևս հնարավորություն են ունեցել ընտանիքների հետ կապ հաստատել թե՛ հեռախոսազանգերի, թե՛ տեսաուղերձների միջոցով, որոնք այնուհետև փոխանցվել են ընտանիքներին։
Նշենք, որ այս պահին հայտնի է, որ Բաքուն հաստատում է 44-օրյա պատերազմում Ադրբեջանում պահվող 40 զինծառայողի մասին, սակայն ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվն անցնում է ութ տասնյակը։
Նոյեմբերի 16-ին գերեվարվել էր 32 զինծառայող, նրանից 11-ը Բաքվից վերադարձան, ուստի, Բաքվում շարունակում է գտնվել նոյեմբերի 16-ին գերեվարված 21 զինծառայող