Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են արձակել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ, և, որ պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Գերատեսչությունից նաև հայտնում էին, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ղեկավար Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ճիշտ է, թշնամին գյուղի ուղղությամբ չի կրակել, բայց կրակոցի ձայները լսելի են եղել։
«Գիշերով, ժամը 1-ի կողմերն էր, որ կրակոցները սկսվեցին ու մինչև 4։30 շարունակվեց։ Դրանից հետո, մինչև այս պահը որևէ կրակոց չի եղել։ Պոստերում մեր զինվորներից ոչ մի վիրավոր չունենք, նրանց կողմից՝ չեմ իմանում։ Մեր տղերքը դրանց հերն են անիծում, մեր տղերքի շնորհիվ էր, որ լռեցին»,- ասաց Երանոսյանը։
Հիշեցնենք, որ թշնամին 2021 թվականի մայիսի 12-ից ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք և դիրքավորվել։ Ադրբեջանցիները մասնավորապես տեղակայվել են Սյունիքում և Գեղարունիքի՝ Վերին Շորժա, Կութ, Ազատ, Նորաբակ և Սոթք գյուղերի ուղղությամբ։