Search
Close this search box.

Գերությունից վերադարձած մեղադրյալ զինծառայողներից մեկին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, մյուսինը՝ բավարարվել

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանական գերություներից Հայաստան վերադարձված, այժմ արդեն՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն.Ե.-ին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը՝ հավելելով, որ դատարանը մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:

«Նարեկը հիմա ազատության մեջ է: Քանի որ այժմ նախաքննություն է ընթանում, քրեական գործի մանրամասների եւ առաջադրված մեղադրանքի մասին խոսել չեմ կարող: Մեղադրանքը նոր է առաջադրվել, վկայով են հարցաքննվել, ցուցմունք տվել, հետո կասկածյալով հրաժարվել է իմ պաշտպանյալը, իսկ մեղադրանք առաջադրվելուց հետո, կարելի է ասել, լրացուցիչ ցուցմունք է տվել: Նախաքննական մարմինը նորից կալանավորելու միջնորդություն չի կարող ներկայացնել, պետք է արդեն խափանման այլ միջոց ընտրվի՝ ստորագրության կամ գրավի տեսքով, այդ հարցը դեռ չի քննարկվել»,- հայտնեց Պողոսյանը:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ դատարանը մեղադրյալի կարգավիճակ ունեցող մեկ այլ զինծառայողի՝ Ս.Ա.-ին կալանավորելու միջնորդությունը բավարարել է:

Մեղադրյալի կարգավիճակ ունեցող մյուս 3 զինծառայողներին կալանավորելու միջնորդությունների առնչությամբ տեղեկատվություն դեռեւս առկա չէ:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրվել, եւ որ նրանց կալանավորելու միջնորդություններ եբ ներկայացվել դատարան։

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի, որոնց ՌԴ ՊՆ ինքնաթիռով Երեւան էր տեղափոխել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ Ռուստամ Մուրադովը:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կան հարուցված քրեական գործեր, եւ պետք է պարզվեն գերեվարման յուրաքանչյուր դեմքի հանգամանքները:

Please enter a valid URL