Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տարանցիկ երթուղի, հայտարարել է Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցիկ փոխադրումների վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ «Մենք երկու երկրներին առաջարկել ենք նոր տարանցիկ միջանցք ստեղծել՝ տարածաշրջանային միասնությանը համապատասխան», ասել է նա ISNA-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ երթուղին արդեն գործարկվել է, պիլոտային եղանակով առաջին խմբաքանակներն են փոխադրվել։ «Այս տարանցիկ ուղին, հաշվի առնելով համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների լուրջ մոտեցումը, այլընտրանք կլինի ներկայում գործող առեւտրային ուղիների համար, ինչպիսին է Թուրքիայի եւ Ռուսաստանի տարանցիկ երթուղին», եզրափակել է Հեդայաթին:
«Հաղորդակցությունների ապաշրջափակման» համատեքստում Ռուսաստանն առաջարկել էր Հյուսիս-Հարավ մայրուղու իր տարբերակը, դա համաձայնեցնելով Թուրքիայի հետ։ ՌԴ առաջարկը կապված էր Մեղրիի միջանցքի հետ եւ Իրանին առաջարկում էր Եվրոպա դուրս գալ Ադրբեջանով եւ Ռուսաստանով։ Ռուսների նպատակը մեկն է՝ թույլ չտալ Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին, ինչպես նաեւ Իրան-Հայաստան-Վրաստան «առանցքը»։ Այդ «առանցքի» պարագային մեծանում է Իրանի կշիռը, Հայաստանը «ստանում» է ինքնիշխանության լուրջ ռեսուրս, իսկ Ռուսաստանը դուրս է մղվում շրջանից։
Ռուսաստանը եւ Թուրքիան փորձում են Իրանին հակել միջանցքին՝ տրանզիտային շահերը պահպանելու խոստումներով։ Նման առաջարկներ ու պայմանավորվածություններ եղան նաեւ Աշխաբադում ՏՀԿ վեհաժողովում։ Միեւնույն ժամանակ, Իրանը փորձում է այլընտրանքներ ձեւավորել Թուրքիայի ու Ռուսաստանի տարանցիկ ուղիներին, ինչը անվտանգության խնդիր է Թեհրանի համար, որին ՌԴ-ն եւ թուրքերը բացահայտ սպառնում են մասնատմամբ։
Բաքվի եւ Թբիլիսիի հետ բանակցությունները Պարսից ծոց-Սեւ ծով ճանապարհի գործարկման վերաբերյալ Թեհրանի այս քաղաքականության դրսեւորումն է։ Թբիլիսին ու Բաքուն տվյալ պարագային հանդես են գալիս որպես ինքնիշխան պետություններ, որոնց նույնպես ձեռնտու է այդ երթուղին ամենատարբեր պատճառներով։
Մոսկվան չի կարող եւ չի էլ փորձի արգելակել այս համաձայնությունները, քանի որ Մոսկվայի համար «հաղորդակցությունների ապաշրջափակման» հարցում գերխնդիրը Հայաստանի լիակատար մեկուսացումն ու շրջափակումն է։ Մոսկվային երկաթուղին պետք է Հայաստանի հանքային հարստությունը կրելու համար։
Հայաստանի կառավարությունը եւ մոսկովյան քվոտաներով կազմված խորհրդարանը Փաշինյան-Քոչարյան տանդեմով շարունակում է ներքին գարշելի բազարները նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարմության հիմքով։ «Փոխադարձ զսպումների» այս մեխանիզմը Մոսկվան ներդրել է որպես Հայաստանի մասնատման ու շրջափակման իր ծրագրերի իրագործման երաշխիք։ Դա անզեն աչքով էլ նկատելի է ներքաղաքական բազարներում՝ Մոսկվա ուղարկվող փոխադարձ մատնագրերի տեսքով։ Իսկ խնդիրը խորհրդարանը կարեւոր որոշումների ընդունումից հեռու պահելն է։
Այս տանդեմի ռուսահպատակության գինը միայն տարանցիկ այս նախագիծը չէ՝ բավական է հետեւել Մինսկի խմբի՝ գնալով բովանդակազուրկ դարձող հայտարարություններին եւ միջազգային կառույցների՝ Հայաստանի հարցում դիրքորոշումներին։ Միջազգային համայնքին դերակատարություն ստանձնած երկրներ են պետք։
lragir.am