Քարոզարշավի ժամանակ ասում էիք, որ Ձեզ համար բոլոր գերիները հավասար են, և պատրաստ եք Ձեր որդուն հանձնել գերիների փոխարեն։ Հետո ասում էիք, որ գերիները մեզ կներեն, եթե ևս երկու ամիս մնան գերության մեջ։ Հետո արդեն ասում էիք, որ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործությո՞ւն է, թե՞ ոչ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հարցնելով, թե ո՞րն է ի վերջո վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը դրսում սպասող ծնողներին և ո՞րն է դիրքորոշումը գերիների մասին․ փակվա՞ծ է, արդյոք, այդ հարցը վարապետի համար։
«Ես հիմա էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների փոխարեն»,- պատասխանեց վարչապետ Փաշինյանը։ Նրա խոսքով ոչ պաշտոնական խողովակով այդ առաջարկն արվել է ադրբեջանին, սակայն արձագանք չի գտել։ Որ պահին արձագանք գտնի, առառաջարկն, ըստ վարչապետի, ուժի մեջ է։ «Ի՞նչն է զարմանալի այն բանի մեջ, որ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննել, կլինեն դեպքեր, երբ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն դեպքեր, որտեղ կլինեն»,- ասաց Փաշինյանը։ Էլինար Վարդանյանի հարցին, թե որտեղ էր Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո, Փաշինյանն արձագանքեց․«Էլի դեղին ժիգուլու կանխավարկածը սկսեցիք»։