36 օրացույցային օրում Պահպանողական կուսակցության առաջնորդ Հայրապետյան Միքայելը չկարողացավ պատասխանել <Քաղաքացու իրավունքների պաշտպան> ՀԿ-ի տարրական հարցերին, այն է՝ ե՞րբ են կայացել Պահպանողական կուսակցության համագումարները, քանի՞ տարածքային ստորաբաժանում ունի Պահպանողական կուսակցությունը, քանի՞ անգամ է Պահպանողական կուսակցությունն ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին:
Կարծում եք, որ առաջնորդը չգիտի՞ հարցերի պատասխանները: Լավ գիտի: Ավելին՝ բոլորս էլ գիտենք: Խնդիրն այն է, որ Պահպանողական կուսակցությունը վերջին տասնամյակներում ոչ համագումար է հրավիրել, ոչ տարածքային ստորաբաժանումներ ունի, ոչ էլ ինքնուրույն համապետական ընտրություններին է մասնակցել: Փոխարենը, Փաշինյան Նիկոլի ձեռամբ այդ կուսակցությունը կարգվել է իբրև <արտախորհրդարանական ուժ>: Հետևաբար, կուսակցության միակ ուժը՝ Փաշինյան Նիկոլն է:
Սակայն, Հայրապետյան Միքայելը հաշվի չի առել, որ նույնիսկ Փաշինյան Նիկոլի Հայաստանում, այնուամենայնիվ, օրենքներ և իրավակարգավորումներ կան: Օրինակ՝ <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքը, ըստ որի, պետական և հանրային նշանակության կազմակերպությունները հստակ ժամկետներում պարտավոր են պատասխանել հարցումներին: Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը վարչական պատասխանատվության միջոցներ է սահմանում հարցումներին չպատասխանողների համար:
Այսօր, <Քաղաքացու իրավունքների պաշտպան> ՀԿ-ի անունից, դիմեցի ՀՀ Վարչական դատարան: Պահանջեցի 50 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել Հայրապետյան Միքայելին: Սա վերջինիս դեմ մեր առաջին հայցադիմումն էր: Ամեն ամիս նույն հարցեր ենք տալու և, պատասխանը չստանալու դեպքում, դատարան ենք դիմելու: Հետո՝ ԴԱՀԿ: Եվ կգա վճիռ առ վճիռ տուգանքները վճարելու ժամանակը: Բա գիտեք հե՞շտ է Փաշինյան Նիկոլի հետ նույնականացվել և միաժամանակ կույս մնալ:
ՀԳ. Հայրապետյան Միքայելին անվճար խորհուրդ տամ: Վերջինս դատական գործընթացում հաղթելու մեկ տարբերակ ունի. նա պետք է հայտարարի, որ Պահպանողական կուսակցությունը հանրային նշանակության կազմակերպություն չէ: Դրանով բոլոր հարցերը կլուծվեն:
<Քաղաքացու իրավունքների պաշտպան> ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյան