Search
Close this search box.

Հայաստանի ԱԳՆ-ն չասաց գլխավորը

Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը, ով Հայաստանին սպառնացել է ուժ կիրառել, եթե «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետներ չնշվեն։

Արտաքին գործերի նախարարության ծավալուն հայտարարությունը հղումներ է պարունակում տարբեր փաստաթղթերի և համաձայնագրերի, սակայն չի նշվում գլխավորը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ պարբերությունը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»:

Խնդիրը «Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները» ձեւալերպումն է։ Բաքուն և Մոսկվան համարում են, որ միջանցքը հենց դա է, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքով ճանապարհը վերահսկվում է երրորդ պետության ուժերի կողմից։ Նույն կերպ են մտածում նաև Իրանը, Վրաստանը և այլ երկրներ, քանի որ ռուսական ԱԴԾ-ի վերահսկողության տակ գտնվող թուրքական միջանցքը ոչ միայն կնշանակի Հայաստանի տարածքի բռնակցում, հայ-իրանական սահմանի վերացում, այլև Հյուսիս-Հարավ ճանապարհային նախագծի չեզոքացում։

Բայց ՀՀ իշխանությունը այդպես չի մտածում։ Բավական է սակայն, որ ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանի ԱԴԾ-ի կողմից ճանապարհը վերահսկելու մասին կետը, և այդ դեպքում անհրաժեշտություն չի լինի վկայակոչել երրորդական պայմանագրեր՝ ապացուցելու համար, որ իբր միջանցք չկա։ Դա կարելի է ապացուցել միայն հայտարարելով, որ եռակողմ հայտարարությունն իրեն սպառել է, և Հայաստանը բանակցություններ է վարելու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։
lragir.am

Please enter a valid URL