Search
Close this search box.

Հայաստանում կամայական թանկացումներ են

«Թանկացումները մեզ մոտ, որպես այդպիսին, միշտ լինում են կամայական, մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են, այսինքն՝ մարդիկ իրենց ապրանքը կարող են վաճառել այն գնով, ինչ գնով որ ուզում են։ Եթե կա թանկացում, ապա պետության կողմից պետք է լինի ինդեքսացիա, այսինքն՝ եթե մեր պետական այրերը հաղորդում են, որ մինչև 4,5 % թանկացում է լինելու, ապա բյուջեի մեջ պետք է նախատեսել մինիմում 5% ինդեքսացիա, բայց արդյո՞ք մենք տեսել ենք մեր բյուջեում նման բան, իհարկե՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ խոսելով վերջին ամիսներին սպառողական շուկայում արձանագրված գնաճի մասին։

Մելիտա Հակոբյանի խոսքով՝ այս թանկացումներն արհեստականորեն ստեղծված թանկացումներ են, որովհետև հատկապես վերջին տարիներին Հայաստանում կա սպառողների շատ լուրջ դեֆիցիտ։

«Այն անձը, որը պիտի գնա գնումներ կատարի, այսօր նրանց թիվը շատ քիչ է, դրա համար էլ խանութներում, սուպերմարկետներում պիտի գները բարձրացնեն, որ կարողանան իրենց համար շահույթ ապահովել»,- շեշտեց բանախոսն ու շարունակեց. «Պետությունը միշտ պետք է ունենա այլընտրանք. եթե ինչ-որ մեկը բերում է ապրանք և թանկ գնով վաճառում է ազգաբնակչությանը, իսկ դու ազգաբնակչությանն այնքան գումար չես տալիս, որպեսզի նա կարողանա իր գոնե մինիմալ ծախսերը հոգա, ապա պետությունը պետք է կանխի դա: Եթե պետությունը տեսնում է, որ այս կամ այն ներկրողը բերել է ու թանկ գնով վաճառում է, ապա պետք է այլընտրանք ապահովի և այդ նույն ապրանքից այլ տեղերից բերի և լցնի, այդ ժամանակ, բնականաբար, թանկ գնով վաճառողն էլ ստիպված կլինի իջեցնել գինը, որ կարողանա մրցակցել»։

Please enter a valid URL