Ադրբեջանը հաստատել է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված 21 անձ գտնվում է Բաքվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է գերեվարված զինվորներից մեկի հարազատը՝ նշելով, որ իրենց նման տեղեկություն են փոխանցել։
Նշենք, որ Բաքուն տեւական ժամանակ չէր հաստատում որեւէ տվյալ՝ նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց մասին ու անգամ Կարմիր Խաչին թույլ չէր տրվել հանդիպել նրանց հետ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին հայտարարել էր, թե ոչ պաշտոնական տվյալներով Բաքվում ունենք 32 գերի՝ հնչեցնելով «24+8» բանաձեւը։ Այս հայտարարությունից հետո 11 գերի վերադարձել է Հայաստան։
Գերիների հարազատներից մեկը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Բաքուն պարտավորվել մինչև դեկտեմբերի 6-ը հաստատել իր մոտ պահվող գերիների թիվը։ Եւ երեկ հարազատներին տեղեկացրել են, որ Բաքվում հաստատել են 21 զինծառայողի գերության փաստը։
Զինծառայողի հարազատը նշեց, որ հաստատումից հետո ոչ Կարմիր խաչից, ոչ ՀՀ ՊՆ-ից իրենց հետ կապ չեն հաստատել ու չգիտեն, ցուցակում իրենց որդիներն ու ամուսինները կան, թե ոչ։
Գերեվարված զինծառայողների հարզատները երկու շաբաթից ավելի է հավաքվում են մարզպետարաններում, իսկ երեկ նրանցից երեքը այցելել են Երևան, այստեղ նրանց հավաստիացրել են, որ շուտով Բաքվում գտնվող բոլոր գերիները վերադառնալու են։
«Մեկը իրենց ասել է, որ մինչև ամսվա վերջ գերիներ են բերելու։ Մինչև ամսի 15-ը բերելու են նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներին, իսկ ամսվա վերջ՝ 44 օրյա պատերազմի ժամանակ գերեվարված զինծառայողներին»,- տեղեկացրել է հարազատը։
Հիշեցնենք, որ Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, ովքեր Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։ Եւս մեկ գերի, որը ծանր վիրավորվել էր մարտական գործողությունների ժամանակ, հայրենիք էր վերադարձել նոյեմբերի 26-ին։