ԼՂՀ–ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են տեղափոխել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ` Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների ու բազմազավակ ընտանիքների համար։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը, մարդասիրական բեռը հավաքել են Մոսկվայի մարզի բարեգործական կազմակերպությունները, ապա այն Ռուսաստանի պաշտպանության նախարարության ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան, այստեղից էլ` Ստեփանակերտ:
«Բեռը գտնվում է Ստեփանակերտում ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պահեստում, այստեղ է բերվել 5 հազար խաղալիք ՝ Ամանորին երեխաներին նվիրելու համար, նախատեսվում է բերել ևս 5 հազարը դեկտեմբերի 9-ին: Բացի այդ, բերվել է ԼՂ մանկապարտեզների համար նախատեսված կահույք։ Այս ամենը հնարավոր է դարձել «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի շնորհիվ, նրանց հետ համատեղ իրականացված բեռների առաքման միջոցով», — ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Մարդասիրական օգնության բեռների մեջ կա նաև տաք սպիտակեղեն, կարիքավորների համար նախատեսված հագուստ և կոշիկ, ինչպես նաև դպրոցականների համար նախատեսված գրենական պիտույքներ: Ռուս խաղաղապահները բեռը կբաժանեն հասցեական` Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր կարիքավոր բնակչի` ըստ անհրաժեշտության ու կարիքի գնահատման։