Search
Close this search box.

Մինչեւ դեկտեմբերի 15-ը նախատեսվում է գերիների նոր խմբի վերադարձ.անհետ կորածի հարազատ

Ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։ Նկատենք, որ առ այս պահը Ադրբեջանն անգամ Կարմիր Խաչին չէր ներկայացրել գերիների ցուցակ՝ այդպիսով թույլ չտալով, որ նրանց Բաքվում տեսակցեն։

10 գերիների վերադարձն ապացուցում է, որ Ադրբեջանում կան բազմաթիվ չհաստատված գերիներ, որոնց Բաքուն պահում է՝ արհամարհելով միջազգային իրավունքն ու ստանձնած պարտավորությունները։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի հարազատը նշեց, որ մինչև դեկտեմբերի 15-ը գերիների նոր խումբ է վերադառնալու։ Ավելին, այսօր Ադրբեջանը պետք է հաստատի իր մոտ պահվող գերիների թիվը։

Նոյեմբերի 16-ից գերեվարված է նաև Շիրակի մարզի մեկ բնակիչ։ Հարազատները նրան ճանաչել էին ադրբեջանական կողմի տարածած լուսանկարներից ու տեսանյութերից, սակայն պատկան մարմինները չէին հաստատում նրա՝ գերության մեջ գտնվելու փաստը։ Զինծառայողի կինը Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչև օրս էլ հաստատումներ չեն եղել։

«Այսօր մեզ էլի ոչ մի տեղից, ոչ մի պատասխան չեն տվել։ Վերադարձել է 10 զինծառայող, մյուսների մասին հաստատումներ չեն եղել։ Դեռ ցանկը չկա, դա էլ չեն հաստատել։ Այսօր վերջնական պատասխան են տալու։ Մինչև ամսի վեցն են ժամանակ տվել Ադրբեջանին, որ տղաների առողջական վիճակի և գտնվելու վայրի մասին մեզ տեղեկություն տան, բայց մինչև հիմա տեղեկություն չունենք»։

Դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադարձած զինծառայողներից հինգը Վանաձորից են, երկուսը՝ Գյումրիից, մեկը՝ Բյուրեղավանից։ Մյուս երկուսը ժամկետային զինծառայողներ են՝ Աբովյանից։

«Վերադարձածների մեծ մասը Վանաձորից էին, բայց նրանց հետ էլ ոչ ոք կոնտակտի մեջ չի կարողանում մտնել՝ անգամ իրենց հարազատները։ Վերադարձողները, ըստ ցուցակի չեն վերադառնում, այլ պատահականության սկզբունքով։ Միայն ինքնաթիռ նստելուց հետո է հաստատվում վերադարձողի ինքնությունը»։

Մինչև այս պահը հայտնի չէ, ի վերջո Բաքվում քանի՞ զինծառայող է գերեվարված եղել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ըստ վարչապետի՝ 32 զինծառայող է գերեվարվել՝ «24-+8», նրանցից մեկը, որը վիրավոր էր, վերադարձել էր ավելի վաղ, իսկ 10-ը՝ վերադարձան դեկտեմբերի 4-ին։ Փաստացի, Բաքվում շարունակում է մնալ 21 զինծառայող, որոնք գերեվարվել են նոյեմբերի 16-ին։ Իսկ ավելի վաղ գերեվարվածների հարցը, կարծես այս փուլում մոռացության է մատնվել:

Please enter a valid URL