Search
Close this search box.

Մենք չենք փոխվում. որ կուսակցությունների հաղթանակն է ձեռնտու ՔՊ-ին

Մենք չենք փոխվում: 90-ականներից նույնն ենք: Անընդհատ համոզվում եմ դրանում:
Ուրեմն, այսօր ՏԻՄ ընտրություններ են: Քիչ բացառությամբ, բոլորն ուրախ են, որ ՔՊ-ն պարտվում է: Դե ես էլ եմ ուրախ: Սակայն, այնպես, ինչպես միշտ, մենք չգիտենք, թե ովքեր են իրականում հաղթողները: Բոլորը խոսում են միայն պարտվող ՔՊ-ի մասին:
Մի տեղ կարդացի, որ տեղամասերից մեկում «Ապրելու երկիր» կուսակցությունն է հաղթում: Մեկ այլ տեղ գրված էր, որ «Մաթևսյան» դաշինքն է հաղթում: Մյուսն էլ «Հանրապետություն» կամ «Հանուն հանրապետության» կուսակցությունների հավանական հաղթանակի համար է ուրախ:

Նախ, ո՞վ գիտի, թե իրականում ինչ նպատակներ են հետապնդում նորաստեղծ «Ապրելու երկիր»-ը, «Հանուն հանրապետության»-ը կամ «Մաթևոսյան»-ը: Կարծում եմ, որ քչերը: Դրանից բացի՝ ո՞վ ասաց, որ վերջիններիս հաղթանակը ձեռնտու չէ ՔՊ-ին: Այնպես, ինչպես եղավ օրինակ՝ Գյումրիում, երբ բոլորն ուրախ էին «Բալասանյան» դաշինքի «հաղթանակով» և ՔՊ-ի «պարտությամբ»:

Շուրջ 30 տարի մենք նույն խաղն ենք նայում: 90-ականներին, երբ ՀՀՇ-ի վարկանիշը ցածր էր, Հարությունյան Գագիկը, Հարությունյան Խոսրովը, Հակոբյան Հրանուշը, Բաղդասարյան Արթուրն ու բազմաթիվ այլ գործիչներ ի հայտ եկան: Ոմանք իրենց կուսակցություններով: ՀՀՇ-ին այդպես էր ձեռնտու, քանզի, կրկնեմ ՝ վերջինիս վարկանիշը ցածր էր:

Շատերն են հիշում, որ ժամանակին ընդդիմադիր կեցվածքի համար Երևանի քաղաքապետ ընտրվեց Խաչատրյան Վահագնը, որը Երևանի քաղխորհրդում ձայների մեծամասնությամբ հաղթեց ՀՀՇ-ի թեկնածուին: Հետո ի՞նչ եղավ: 1-1.5 տարի անց Խաչատրյան Վահագնը Տեր-Պետրոսյան Լևոնից էլ ավելի ՀՀՇ-ական դարձավ:
Բերեմ թարմ օրինակ՝ ո՞վ է այժմ հիշում, որ ՀՀ այսրոպեական փոխվարչապետ Գրիգորյան Մհերը պաշտոնը ստանձնել է ԲՀԿ-ի քվոտայով: Կարծում եմ, որ դրա մասին նույնիսկ Գրիգորյան Մհերը չի հիշում:
Ասածս այն է, որ ՔՊ-ի պարտվելու վերաբերյալ խոսելուց առաջ եկեք ճանաչենք հաղթողներին: Լավ ճանաչենք: Եվ միայն այդ դեպքում մեր հաղթանակը ՔՊ-ի հանդեպ լիարժեք կլինի:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL