Search
Close this search box.

Ինչու է գոռգոռացել վարչապետը, ինչն է եղել նյարդային լարվածության պատճառը ԱԺ-ում ՔՊ-ի հետ հանդիպման ժամանակ

Նախօրեի երեկոյան Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է խորհրդարան եւ, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, բավականին լարված, նյարդային քննարկում ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Քննարկումը ձգվել է մինչեւ ուշ երեկո, ինչ-որ պահի Փաշինյանն ինչ-որ բանից այնպես է վրդովված խոսել, որ ձայնը լսելի է եղել խորհրդարանի միջանցքներում: ՔՊ մեր աղբյուրները որոշ մանրամասներ հայտնեցին այդ հանդիպման մասին։ Նախ հետաքրքրվեցինք, թե ինչու է գոռգոռացել վարչապետը, ինչն է եղել նյարդային լարվածության պատճառը, մեր զրուցակիցը տարակուսեց. «Բա ի՞նչ անենք, երկրի ապագայի հարցն է, չնյարդայնանա՞նք»:

Կարելի է կարծել՝ մենք ենք երկիրն այս վիճակին հասցրել։ Մեր մյուս աղբյուրն էլ խոստովանեց, որ Ադրբեջանը հետ է կանգնել նախնական ինչ-որ պայմանավորվածություններից եւ փոխվարչապետների հանդիպմանը` Մոսկվայում, կրկին օրակարգ է բերել Սյունիքով Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապող միջանցքի կամ, այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցը։ Մհեր Գրիգորյանը տագնապած վերադարձել է Երեւան, զեկուցել Նիկոլ Փաշինյանին, նա էլ շտապել է խորհրդարան՝ թիմի հետ խորհրդակցելու, որպեսզի որոշեն իրենց անելիքը։

Նշենք, որ նախօրեի երեկոյան ՀՀ թիվ մեկ բոթաբեր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը «չի հաջողվում համաձայնություններ ձեւակերպել», ինչը եւս վկայում է մեր տեղեկատվության ճշմարտացի լինելու մասին։
Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետների հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց նախատեսված հանդիպումից հետո ոչ միայն հայտարարություն չտարածվեց, այլեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը լրատվամիջոցներին տեղեկացրեց առաջիկայում ծրագրվող եւս մեկ հանդիպման մասին, քանի որ դեկտեմբերի 1-ի հանդիպումն ընդհատվել է։

«Փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն»,- «Ազատություն» ՌԿ-ին մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրել է Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները եւ հուսահատ ու նյարդայնացած ասել, որ Ադրբեջանը հետ է կանգնել նախնական պայմանավորվածությունից եւ պնդում է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթղթում պետք է ընդգրկել նաեւ միջանցքի հարցը, ինչպես նաեւ որոշակի խմբագրումների ենթարկել նաեւ 1975 թվականի քարտեզը, որն իր կողմից առաջարկվել է որպես գործընթացի հիմք:

Թե հատկապես ինչ խմբագրումների մասին է խոսքը, մեր աղբյուրը չհայտնեց։ Թիմում դժգոհություն է առաջացել, որ անընդհատ զիջելով՝ հարց չի լուծվի, հետպատերազմական մեկ տարին ցույց տվեց, որ ամեն զիջումից հետո Ալիեւի ախորժակն ավելի է բացվում, սակայն Փաշինյանը զայրացել է, թե` ի՞նչ եք առաջարկում: Ասել է` դիմադրության ռեսուրս չունենք, ու հակադրվողներին առաջարկել է, որ նրանք գնան առաջնագիծ։ Նա չի ասել, թե, ի վերջո, ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, սակայն պատգամավորները տպավորություն են ստացել, որ նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, որի բովանդակությունը հայտնի չէ, եւ դա արվելու է Մհեր Գրիգորյանի ձեռամբ։

Փաշինյանն անդրադարձել է նաեւ բանակում տիրող իրավիճակին՝ փորձելով թիմակիցներին համոզել, որ անիրատեսական է այս պահին մտածել ուժային ճանապարհով խնդիրները լուծելու մասին: Ասել է, որ նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն իրեն զեկուցել է, որ շաբաթը մի քանի անգամ իքս զորամասի հրամանատարներին, սպաներին կանչում են քրեական գործերով հարցաքննության, նման պայմաններում հնարավոր չէ մտածել բանակաշինության եւ բանակի կարգապահության մասին։ Տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմից հետո հազարի հասնող քրեական գործեր են հարուցվել, որոնցով մեծ թվով զինվորականներ են անցնում, որոնց օրն անցնում է հարցաքննությունների մեջ։

Հարց են տվել` Իշխանասարից թշնամու զորքի նահանջ եղե՞լ է, Փաշինյանը հերքել է դա եւ շեշտել, որ դա մեզ համար դրական տեղաշարժ կլիներ, սակայն թշնամին ոչ թե նահանջել է, այլ դիրքային «ռակիրովկաներ» է անում մեր տարածքում։ Անդրադարձ է եղել նաեւ գերիների հարցին․ տեղեկացրել է, որ չնայած Սոչիի հանդիպմանը քննարկվել է գերիների անհապաղ վերադարձի հարցը, ՌԴ նախագահն էլ է դրան աջակցել, բայց հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, որ այսինչ օրը, այսինչ ժամին գերիներին կվերադարձնեն։ Ի դեպ, Փաշինյանն ասել է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը, ադրբեջանական կողմի պահանջով, պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացվի։
Նյութի աղբյուր՝ analitik.am

Please enter a valid URL