Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Երեմ Գալստյանը՝ իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով, Տիգրան Մեծի պողոտա 22 շենքի վերգետնյա անցման տակ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, հետիոտն, Երևանի բնակիչ, 53-ամյա Արա Գալստյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը հարվածից շպրտվել և հայտնվել է Ռումինիայի Հանրապետության քաղաքացու կողմից վարած Suzuki մակնիշի ձախ անիվի տակ և տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:
Skoda-ի վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը, որից հետո Ե. Գալստյանը ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Կայքի տեղեկություններով, Ե. Գալստյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում՝ որպես պարեկ: Նա ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի վայրից էլ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: