Search
Close this search box.

Փոխգնդապետ Արսեն Ղազարյանը դիմել է ԱԱԾ-ին. իրենց Հին Թաղեր և Խծաբերդ են ուղարկել՝ առանց մարտական տեղանքին ծանոթացնելու, որ ստիպված գերի ընկնեն ու գերիների գործոնի շահարկմամբ ՀՀ-ն տարածքներ զիջի

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հանձնման օրը 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը պահանջում է, որ իր վերաբերյալ քրեական գործը քննվի ԱԱԾ-ում։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղազարյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ հայտնելով, որ չի վստահում ԶՔՀՎ քննչական խմբի աշխատանքներին։ Դիմումի հետ միասին ներկայացվել են նաև փաստող փաստաթղթեր՝ քարտեզներ։ Ղազարյանը նաեւ կասկածներ է հայտնել, որ իրականում Հին-Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում պետք է գտնվեին այլ զորքեր, իսկ իրենց խաբեությամբ, առանց մարտական իրավիճակին ծանոթացնելու, տեղակայել էին այդ գյուղերի հատվածում, որպեսզի իրենք հայտնվեն անելանելի վիճակում, գերի ընկնեին և հնարավոր լիներ հետագայում գերիների գործոնը շահարկելով ՀՀ-ից ինչ- որ տարածքային զիջումներ լինեն, սակայն ՔԿ ԶՔԳՎ-ում այդ ուղղությամբ քննություն չի կատարվել։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ղազարյանն այս մասին հայտնել է նաեւ ԱԱԾ-ին հասցեագրած դիմումում, նշել, որ զինված հարձակման արդյունքում մարտական դիրքերից նահանջելուց հետո՝ 2020թ դեկտեմբերի 14-ին, գտնվել է Լիսագոր գյուղում, նույն օրը ցերեկը ժամը 12։00- ի սահմաններում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը բջջային հեռախոսը փոխանցել է իրեն, որպեսզի զրուցի գեներալ Դավիդովի հետ։

«Վերջինս իրեն բազմաթիվ հարցեր է տվել նահանջի վերաբերյալ և տեղեկանալով, որ իրենք ՀՀ-ից ժամանած զորք են, զարմացել է քանի որ այդտեղ ՀՀ-ից գնացած զորք չպետք է լիներ։ Այնուհետև հրամանատարությունից իրեն հանդիմանել են, որ գեներալ Դավիդովին հայտնել է ճշմարտությունը։ Դրանից հասկացել է, որ իրականում Հին-Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում պետք է գտնվեին այլ զորքեր, իսկ իրենց խաբեությամբ, առանց մարտական իրավիճակին ծանոթանալու, տեղակայել էին այդ գյուղերի հատվածում, որպեսզի իրենք հայտնվելով անելանելի վիճակում, գերի ընկնեին և հնարավոր լիներ հետագայում գերիների գործոնը շահարկելով ՀՀ-ից ինչ-որ տարածքային զիջումներ ստանալ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ղազարյանը, որպես երկարամյա փորձ ունեցող սպա, դեկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զորքերի տեղաշարժերից այն տպավորությունն է ունեցել, որ նրանց գործողությունները ուղղորդվում են հայկական կողմից։ Փաստաբանի փոխանցմամբ՝ 2020թ դեկտեմբերի 15-ին Ղազարյանն այցելել է Բերձոր զորամիավորման հրամանատար գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարական կետ, վիճել նրա հետ և հարցրել թե դեկտեմբերի 9-ին՝ ադրբեջանական մեծաքանակ զորքերի տեղակայումների և տեղաշարժերի մասին զեկուցելուց հետո, ինչու հրամանատարությունը որևէ միջոց չի ձեռնարկել, որ իրենք հնարավորություն ստանային դիմադրել և պատշաճ պաշտպանվել, ինչու չի տրամադրել զինատեսակներ, անձնակազմ, ինչին ի պատասխան Թևոսյանը նշել է, որ ինքն էլ իր հերթին զեկուցել է վերադասին, ներկայացրել իրավիճակը և իրեն թույլ չեն տվել որևէ գործողություն ձեռնարկել։

Փաստաբանը հայտնեց, որ Ղազարյանի դիմումը և քարտեզները կրկին ուղարկվել են ԶՔԳՎ, որտեղ կրկին այս ուղղությամբ որևէ քննություն չի կատարվում։

«Այս առումով արժանահիշատակ է այն հանգամանքը, որ 2020թ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 3-րդ կետով Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվեր միայն ՌԴ խաղաղապահ զորախումբը, հետևաբար ՀՀ-ից որևէ զորք Հին Թաղեր և Խծաբերդ չէր կարող ուղարկվել, այդպիսի հրամանն, ի սկզբանե, անօրինական է եղել, սակայն որևէ քննություն, թե ով է տվել այդ հրամանը և ինչու՝ չի կատարվում»,- նշեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայող գերության մեջ է հայտնվել պատերազմից հետո, իսկ գյուղերն էլ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու և մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL