Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Սա արտախորհրդարանական ուժերի և կառավարության խորհրդատվական ֆորմատի հերթական նիստն է: Բնականաբար, այսօր կքննարկենք Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած օրակարգի բոլոր հարցերը և կիրականացնենք մտքերի փոխանակություն:
Կարծում եմ՝ նախորդ քննարկումներից կարող ենք եզրակացնել, որ առայժմ առնվազն կառավարությունը, ես շարունակում ենք մեծ հետաքրքրություն ունենալ այս ֆորմատով աշխատանքում: Սա լավ հնարավորություն է նաև հաղորդակցությունը պահելու և տեսակետների ավելի լայն շրջանակի հետ առնչվելու, ինչը շատ կարևոր է հետագա որոշումների ժամանակ հաշվի առնելու համար: Որովհետև կան խնդիրներ, որոնց վերաբերյալ, իհարկե, որոշում կայացնելու պատասխանատվությունը կառավարությանն է, մեծամասնությանը, բայց մյուս կողմից, շատ կարևոր է նաև հաղորդակից լինել այն տեսակետների հետ, որոնք առկա են կառավարությունից, խորհրդարանական մեծամասնությունից և խորհրդարանից դուրս քաղաքական շրջանակներում:
Մեզ հաջող և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»:
Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: