Search
Close this search box.

Դավիթ Հարությունյանը և Գևորգ Սաքանյանն ազատ են արձակվել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի շտաբի համակարգող Գևորգ Սաքանյանը և Դավիթ Հարությունյանն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ ընտրություններից մեկ օր առաջ՝ այսօր, նրանք բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախկինում հարուցված ինչ-որ քրեական գործի շրջանակներում։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ մանրամասներ պարզելու, որտեղից նշեցին, որ նրանք ձերբակալվածի կարգավիճակ չունեն, իսկ թե ինչու են բերման ենթարկվել Սաքայանը և Հարությունյանը՝ չմանրամասնեցին։

Այդուհանդերձ, մեր ունեցած տեղեկություններով, վերջիններս արգելանքի են վերցվել տևական ժամանակ քննվող քրեական գործի շրջանակներում։ Ընդ որում, արգելանքի վերցնելուց հետո պարզվել է, որ շտաբի ղեկավար Սաքանյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, եւ անմիջապես ազատ են արձակել, ավելի ուշ բաց են թողել նաեւ համայնքի ղեկավարի թեկնածուին՝ Դավիթ Հարությունյանին՝ նրան զգուշացնելով, որ չբացակայի երկրից։

Հատկանշական է, որ Եղեգնաձորում դեկտեմբերի 5-ին իրականացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցում է հինգ քաղաքական ուժ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իշխանամերձ շրջանակներին հարող «Հանրապետություն» կուսակցությունը, Հայ Կառուցողական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Դավիթ Հարությունյան» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություններից։ Ստացվում է՝ ընտրություններից մեկ օր առաջ իշխանությունները կրկին լծվել են աղմկահարույց ձերբակալություններին՝ փորձ կատարելով ճնշել ոչ իշխանական ուժերին և խոչընդոտել արդար ընտրություններում նրանց հնարավոր հաջողություններին։

Աղբյուր` Փաստինֆո

Please enter a valid URL