Արցախյան երրորդ պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կուզեի բաց թողնել էս պատմությունը իմ կյանքից, բաց թողնել իր բոլոր թերություններով ու հիասթափություններով, դրական ու բացասական պահերով, լավ ու վատ մարդկանցով։ Բաց թողնել այն մարդկանց, ովքեր հիշում են, երբ մոռացել էին և մոռանում են, երբ հիշում էին։
Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն, ինչ եղավ՝ եղավ միայն մեզ հետ ու նրանց, ովքեր կորցրին, կորցրին իրենց թանկին, իրենց իմաստը, կյանքը…
Ավելի եմ համոզվում՝ ինչքա՜ն ցածր ու զզվելի են էն տաքսու վարորդները, որ իմ սայլակն իրենց մեքանան կա՛մ կկեղտոտի, կա՛մ կվնասի։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեի տաքսիստների մասին։
Ավելի եմ համոզվում, որ ճանապարհին ժամերով սպասում ես, թե երբ կբարեհաճեն զիջեն քեզ ճանապարհը։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեի ինձ զիջելու մասին։
Ավելի եմ համոզվում, երբ երթուղայինում քո սահմանված տեղը չեն բարեհաճում ազատեն, որ կարողանաս դու էլ էդ բարիքներից օգտվես։ Դե ոչինչ, կռվի ժամանակ հո ժամանակ չկա՞ր մտածեի երթուղայինում իմ համար սահմանված տեղը նստող անհասկացողի մասին։
Կարող եմ, ցավոք, շատ թվարկել։ Ու իրոք ցավում եմ, շատ եմ ցավում։
Թե էս թվարկածս արատները վերանան, մենք լիարժեք կապրենք, թե չվերանան, արդեն ՑԱՎՈՒՄ ԵՄ…
Հազար հանգիստ նրանց, որոնց կյանքի գնով անշնորհակալ ու անիրավ արատներն ապրում են այսօր մեզ հետ»։