Search
Close this search box.

Կարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա: Մեր աղբյուրը նշել է, որ այս պահին դեռևս հստակություն չկա, թե որտեղ է լինելու Կարապետյանի հերթական նշանակումը, սակայն տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նրան պաշտոնից ազատելուց հասկացրել է, որ նա «օդում չի մնա» և անպայման կլինի ուշադրության կենտրոնում:

Ճիշտ է՝ Կարապետյանը շատ ծանր է տարել իր պաշտոնանկությունը և իր շրջապատում հասցրել է բողոքել իր նախկին ղեկավարից՝ նշելով, որ իր նկատմամբ անարդար են վարվել, և ինքն արժանի չի եղել նման վերաբերմունքի, սակայն նոր պաշտոնի խոստումը ստիպում է Կարապետյանին, որ նա ատամները սեղմած պահի և իշխանությունների նկատմամբ իր նեղացածությունը չարտահայտի:

Թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր հերթին ևս շահագրգռվածություն ունի վերջինիս պաշտոն տալու և իր աչքի տակ պահելու համար, որովհետև Կարապետյանն անվտանգության համակարգում իշխանության տապալումների առանձնահատկություններին փայլուն տիրապետում է, և չի բացառվում, որ ինչ-որ փուլում կարող է խնդիր ստեղծել իշխանության համար: Հիշեցնենք, որ, ինչպես գրել էինք օրեր առաջ, Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու պատճառների մեջ նշվում է այն հանգամանքը, որ Փաշինյանին զեկուցել են, թե Արշակ Կարապետյանը նաև Ռուսաստանի Դաշնության անձնագիր ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL