Նոյեմբերի 22-ին «5165» շարժման անդամներս և մի խումբ մեր հայրենակիցներ դիմեցինք ՀՀ Ազգային Ժողովին ու նախագահին՝ կոչ անելով գործադրել իրենց սահմանադրաիրավական լիազորություններն ու կարողությունները Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթղթի բովանդակությունը հանրությանը ներկայացնելու հարցում, նշվում է շարժման հայտարարության մեջ։
«Ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված մեր գրավոր դիմումի՝ նոյեմբերի 30-ին «5165» շարժման անդամներ Կարին Տոնոյանը և Մենուա Սողոմոնյանը հանդիպում ունեցան նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հանդիպմանը ընթացքում նախագահին ուղղված մի շարք հարցադրումների և մտքերի փոխանակման արդյունքում, «5165 շարժման» անդամները, մասնավորապես, ստացել են հետևյալ տպավորությունները.
1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սերտորեն կապված է Արցախյան հիմնախնդրի հետ, որին առնչվող որոշումների կայացման հարցում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մենաշնորհ:
2. Նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից:
3. ՀՀ նախագահը պետության արտաքին քաղաքական որոշումների կայացման, ձևավորման գործընթացների, արտաքին քաղաքականության համակարգման կամ իրականացման առումով փաստացի սահմանադրական լիազորություններ չունի: ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունները վերաբերում են արդեն իսկ կնքված միջազգային պայմանագրերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցերին:
4. Գործող իշխանություններին հայտնի է նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականներն ու տեսակետները Հայաստանի զարգացման ռազմավարական մոտեցումների, Արցախի հարցում ՀՀ քաղաքականության վերաբերյալ, որոնք սակայն, Շարժման անդամների ստացած տպավորությամբ, գործող իշխանությունների կողմից կա՛մ հաշվի չեն առնվում, կա՛մ չեն ըմբռնվում:
5. Ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում խիստ կարևոր է իրականացնել սահմանադրական իրական փոփոխություններ՝ ապահովելով իշխանությունների թևերի միջև փոխզսպումների և հավասարակշռման գործուն մեխանիզմներ:
Անկախ հանդիպման արդյունքներից՝ մենք մնում ենք այն կարծիքին, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումն իրականացնում է միանձնյա՝ առանց հաշվի նստելու իշխանական այլ մարմիների կարծիքի հետ, կայացնելով միակողմանի վտանգավոր որոշումներ համազգային կարևորության ու անվտանգային մեծ նշանակության հարցերում։ Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար ծանրագույն այս իրավիճակում ոչ ոք հնարավորություն չունի ազդելու որևէ գործընթացի վրա և կասեցնելու մեր երկրին սպառնացող վտանգավոր զարգացումները։ Փաստացի մի ամբողջ ժողովուրդ դատապարտված է կրել Նիկոլ Փաշինյանի անհեռատես, չհաշվարկված և ոչ կոմպետենտ կառավարման ծանր հետևանքները։ Այս ամենից հետևում է, որ ամբողջ հանրությանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հեռացման շուրջ համախմբելը օրվա հրամայականն է, այլապես կորուստները շատ ավելի մեծ են լինելու»,-նշվում է հայտարարության մեջ։