Search
Close this search box.

«Տաթև» գիտակրթական համալիրում» այս տարի վերապատրաստվել է շուրջ 800 մանկավարժ` հանրապետության տարբեր  մարզերից

Համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի` 5 տարին մեկ անգամ դպրոցում դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ պետք է  անցնի հերթական ատեստավորում։ Այս տարի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու համար ՀՀ ԿԳՄՍ կողմից  երաշխավորվել էր 48 կազմակերպություն։ Վերապատրաստող  կազմակերպությունների թվում ընդգրկված «Տաթև» գիտակրթական համալիրում  վերապատրաստված ուսուցիչները երեկ ստացան հավաստագրեր։

««Տաթև» գիտակրթական համալիրում» այս տարի վերապատրաստվել է շուրջ 800 մանկավարժ հանրապետության տարբեր  մարզերից, հեռու ու մոտ բնակավայրերից։  Դասընթացը կազմակերպվել է բոլոր առարկաներից՝ առկա-հեռավար և հեռավար ձևաչափերով։ Վերապատրաստումից  առաջ և հետո հատուկ թեստերի միջոցով ստուգվել է մանկավարժների իմացության մակարդակը տարբեր առարկաներից, իսկ դասընթացի ավարտին յուրաքանչյուր մանկավարժ ներկայացրել է իր հետազոտական աշխատանքը։ Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված  «Մանկավարժական միտք» ամսագրում։

«Մանկավարժներն այսօր ստանում են հավաստագրեր, որտեղ նշված են նրանց ստացած կրեդիտները։ Բայց ես ուրախ եմ արձանագրելու, որ եթե վերապատրաստման մեկնարկին շատերն էին հարցնում կրեդիտների մասին, մտահոգված էին, թե քանի կրեդիտ կստանան, այսօր այդպիսի հարց չի հնչում․ փոխվել է վերապատրաստման նկատմամբ վերաբերմունքը, ուսուցիչների համար կարևոր է դարձել, թե ինչ գիտելիքներով են մտնելու դասարան,  ինչ մոտեցումներ են կիրառելու դասի ընթացքում։ Վերապատրաստումը իմիջիայլոց, պարտավորված չի անցել, սակայն նման վերաբերմունքն ակնհայտ էր վերապատրաստումից առաջ»,- միջոցառմանն իր խոսքում նշեց ««Տաթև» գիտակրթական համալիրի» տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

Նա ընդգծեց նաև, որ այս ամիսների ընթացքում ոչ միայն վերապատրաստել են ուսուցիչներին, այլև գնահատել նրանց կարիքները, և որպես վերապատրաստող կազմակերպություն՝ այսօր  շատ առաջարկներ ունեն, որոնք ներկայացնելու են  ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։

«Հաջորդ վերապատրաստումների ժամանակ մեր կազմակերպության մոտեցումների մեջ էլ ուսուցիչների շահերից բխող էական փոփոխություններ կլինեն, քանի որ հստակ տեսանք բացերն ու թերությունները, ուժեղ ու թույլ կողմերը։  Վերապատրաստումները ավարտվել են, բայց ուսուցիչների հետ մեր կապը շարունակական է լինելու։ Նրանք արդեն «Տաթև»–ի թիմում են, ու նրանց միջոցով ենք փորձելու աշխարհում ընդունված նոր մեթոդները տարածել բոլոր դպրոցներում»,- նշեց համալիրի տնօրենը։

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էր  վերապատրաստված մանկավարժների մեծ մասը։ Դասընթացի մասնակիցները  ընդգծեցին՝ վերապատրաստող կազմակերպություն ընտրելիս երկար են մտածել, «Տաթև»-ին են նախապատվություն տվել՝ հաշվի առնելով վերապատրաստողների թիմը, որոնք հայտնի մանկավարժներ ու դասագրքերի հեղինակներ են։

Please enter a valid URL