Search
Close this search box.

«Fly Arna»-ն կսկսի նախնական 4 ուղղություններով կանոնավոր չվերթները

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվող նոր հայկական ազգային ավիաընկերությունը կսկսի գործել արդեն 2022թ-ի ապրիլ-մայիս ամիսներին։

Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը:

«Այսինքն՝ մայիս ամսից կսկսեն կանոնավոր չվերթները՝ նախնական 4 ուղղություններով: Այդ ժամանակ մենք կունենանք 2 օդանավ: Իսկ մեկ տարի հետո մենք կունենանք 12 օդանավ»,- հայտնեց Փափազյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:

Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Համաձայնագիրը «Զվարթնոց» օդանավակայանում։ ստորագրվել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և «Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահ Ն.Գ. Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիի միջև։

Ավիաընկերության անվանումը որոշելու հնարավորությունն ընձեռնվել էր ՀՀ քաղաքացիներին: Այդ նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից ընտրվել էր «Fly Arna» անունը: «Արնա» բառը ստացվել էր «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

Please enter a valid URL