«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը: Վերջինս նախկին գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ էր, պատգամավոր էր դարձել դաշինքի անդամ «Առաքելություն» կուսակցության քվոտայով, սակայն պատերազմից հետո, երբ ՔՊ-ն որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին, «առաքելականները» չընդգրկվեցին ցուցակում։ Ավելին` «Առաքելությունը» վերակազմավորվեց «Ապրելու երկիր» կուսակցության եւ գնաց Ռուբեն Վարդանյանի հետ:
Սակայն «Առաքելության» այն հատվածը, որը դուրս է մնացել նոր ֆորմատից, հարել է ՔՊ-ին: Այսինքն, ինչպես Սերժ Սարգսյանն էր անում ժամանակին, Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է թիմակիցներին չնեղացնելու, անգործ չթողնելու եւ թշնամիների բանակը չհամալրելու ձեռագիրը: Դա է Սողոմոնյանին նոր պաշտոնի տեղավորելու ենթատեքստը։ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովում նրա թեկնածությունը երեկ հավանության է արժանացել, հարցը կքննարկվի առաջիկա ԱԺ նիստի ընթացքում, եւ գաղտնի քվեարկությամբ կընտրեն կամ չեն ընտրի այդ պաշտոնում»: