Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտության մասին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը խոսել է ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանատունը` հավելելով, որ դեկտեմբերի 1-ին հեռավար հանդիպում է կայացել։
Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային միջավայրին և այդ համատեքստում Մակունցը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և գնահատականը.
«Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչի առթիվ Մարքին պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում` նպաստելու ռազմագերիների ազատ արձակմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մակունցը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում և տեղեկացրել այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացների մասին։