Search
Close this search box.

Նրանցից մեկին ճանաչել են լուսանկարով, սակայն Ադրբեջանը չի հաստատում գերության փաստը

«Փաստինֆո»-ն գրում է. Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, 31 զինծառայող է գերեվարվել։ Համենայն դեպս՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊՆ-ի կողմից նշված 24 անհետ կորածներն, ամենայն հավանականությամբ, գերեվարված են։

Անհետ կորածների թվում կան նաև Լոռու մարզի բնակիչներ։ Մասնավորապես, նրանցից երկուսը ծնունդով Դեբետ գյուղից են՝ պայմանագրային զինծառայողներ։ Հարազատներն ուղիղ երկու շաբաթ է պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չեն կարողանում, թե արդյոք պայմանագրայինները գերիների ցուցակում են, թե ոչ։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Դեբետի համայնքապետ Աշոտ Ղազարյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց պայմանագրայիններից մեկը ծնունդով Դեբետից էր, բայց ապրում էր Վանաձորում,մյուսը՝ Դեբետի մշտական բնակիչ է։

«Ծնունդով Դեբետից ու այստեղ բնակվողներից նոյեմբերի 16-ին ունենք մեկ զոհ, մեկ անհետ կորած։ Կա նաև մեկ անձ, ով ծնունդով Դեբետից է, բայց Վանաձորի բնակիչ ու համարվում է անհետ կորած, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատել նրանց՝ գերության մեջ լինելը»։

Ղազարյանը նշեց, որ պայմանագրայիններից մեկին ճանաչել են ադրբեջանցիների կողմից տարածված լուսանկարներում, իսկ մյուսին տարածված նյութերից որևէ մեկում չեն տեսել։

«Երկուսն էլ պայմանագրային են։ Նրանցից մեկին լուսանկարներով ճանաչել են, մյուսին ոչ մի տեսանյութում ու լուսանկարում չեն տեսել։ Դեբետում բնակվող պայմանագրայինը մեկ մանկահասակ երեխա ունի, ծնող ու կին։ Եկամտի միակ աղբյուրը իր աշխատանքն է ու այդ վիճակում ո՞նց կարող է չունենան օգնության կարիք։ Մարզպետարանն այսօր պատրաստվում է ֆինանսական միանվագ աջակցություն ցուցաբերել»,- ասաց Ղազարյանը։

Վերջինս նշեց՝ թե՛ համայնքապետարանը, թե՛ հարազատները դիմել են պատկան մարմիններին, պատասխան են ստացել՝ ամեն ինչ արվում է գերիների հաստատման համար։

«Հարցը շատ բարդ է, իմ կողմից չմեկնաբանվող։ Իմ համայնքից և՛ մենք, և՛ հարազատները դիմել ենք համապատասխան մարմիններին և նրանց կողմից ակտիվ շահագրգռվածություն ենք նկատել՝ Ադրբեջանի կողմից գերիների հաստատման համար։ Քայլեր արվում են գերիներին վերադարձնելու համար։ Դրա արդյունքը այս պահին չի նկատվում քանի, որ Ադրբեջանի կողմից հաստատված գերիների մասին տեղեկություն չունենք, բայց աշխատանքներ կատարվում են»։

Ղազարյանը նշեց՝ քանի դեռ Ադրբեջանի կողմից գերության փաստը հաստատված չէ, հետևաբար պայմանագրայիններն անհետ կորածների կարգավիճակում են։ Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետն է հայտարարել այն մասին, որ նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են, փաստացի ունենք 6 հաստատված զոհ և 31 գերի, Ղազարյանը նշեց, որ թիվը նշել է ՀՀ վարչապետը և նա կարող է բացատրել այդ տվյալները։

Համայնքապետը տեղեկացրեց՝ անհայտ ճակատագիր ունեցողների հարազատները նաև այցելել են պաշտպանության նախարարություն։

Please enter a valid URL