Search
Close this search box.

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել էր Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։
Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանին։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Please enter a valid URL