Նաիրի խոշորացված համայնքը նպաստավոր դիրքի ու հնարավորությունների շնորհիվ ունի հզոր ներուժ և զարգացման հեռանկար։ Միայն թե հարկավոր է այդ ներուժին մոտենալ սրտացավորեն, օգտագործել արդյունավետորեն, իսկ զարգացման հեռանկարին էլ հասնել արագորեն։ Այլ ոչ թե տարիներ շարունակ վատնել համայնքի միջոցները ու գրպանել ֆինանսական ռեսուրսները, ինչպես եղել է նախորդ 2 տասնամյակում։
Այսօր կա հնարավորություն վերջ դնելու համայնքի զարգացումը արգելակած բոլոր այդ արատավոր բարքերին, կլանային շահերին, կոռուպցիային, թալանին ու թայֆայականությանը։ Այդ վերջակետը պիտի դրվի՝ հանուն Նաիրի համայնքի վաղվա բարեկեցության։ Դրանում այժմ վճռական տրամադրված է <Քաղաքացիական պայմանագիր> կուսակցության թեկնածու Վաղարշակ Ամիրխանյանը։ Նաիրի խոշորացված համայնքի առաջիկա ընտրություններում նա մասնակցում է հստակ ծրագրերով, կոնկրետ անելիքներով և դրանց ժամանակացույցով։
Ի տարբերություն գործող համայնքապետի, որն ընտրություններին մասնակցում է անծրագիր և անհեռնակար գործելաոճով, Վաղարշակ Ամիրխանյանը գույքագրել է համայնքի կարևոր խնդիրները, առանձնացրել կենսական կարիքները և դրանց հիման վրա մշակել գործողությունների ծրագիր, քայլերի հերթականություն ոլորտ առ ոլորտ։
Եվ ուրեմն ի՞նչպիսի փոփոխություններով ի՞նչ ապագա է առաջարկում Վաղարշակ Ամիրխանյանը Նաիրի խոշորացված համայնքի բնակչությանը, եթե իրեն ընտրեն ու վստահեն համայնքի կառավարումը։
Սկսենք համայնքի փոքրիկ բնակիչներից։ Լիակատար լուծում է տրվելու մանկապարտեզների խնդրին, քանի որ մեր մանուկներն անկասկած արժանի են հատուկ հոգածության ու ջերմ միջավայրի։ Մանսավորապես Պռոշյան և Բուժական համայնքներում կառուցվելու են մանկապարտեզներ։ Իսկ երիտասարդների համար ստեղծվելու են իրական հնարավորություններ՝ իրացնելու իրենց ներուժը։ Իսկ ինչպե՞ս։ Օրինակ հետևյալ կերպ․ լսելի են դառնալու երիտասարդների տեսակետները և մոտեցումները։ Հատկապես կխրախուսվի նրանց նախաձեռնողականությունը։ Համայնքի ղեկավարությունը լինելու է երիտասարդների կողքին, դառնալու է նրանց գործընկերն ու աջակիցը։
Զուգահեռաբար շեշտ է դրվելու առողջ ապրելակերպի վրա։ Օրինակ Զովունիում կհիմնվի մարզադպրոց, իսկ Քասախի մարզադաշտը կհիմնանորոգվի և կհանձնվի շահագործման։ Կազմակերպվելու են նաև ռազմաուսումնական դասընթացներ տարատեսակ միջոցառումներ և բնաճանաչ արշավներ։ Նպատակ է դրվելու բարձրացնել Նաիրի համայնքի քաղաքացիների ռազմական պատրաստության մակարդակը։ Մեր օրերում դա կենսական անհրաժեշտություն է։ Կիրականցվեն կոնկրետ ծրագրեր Նաիրի համայնքում ռազմաարդյունաբերական կոմպլեքսի զարգացման, առկա ավանդույթների ու տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ։ Այս գործում իր լրջագույն ներդրումն ունի Վաղարշակ Ամիրխանյանը։ Նա Եղվարդում հիմնել է ռազմական արտադրություն և զենքի ու զինտեխնիկայի նշանակալի մատակարարումներ արել բանակին ու հատկապես առաջնագծին։ Սա խոստում չէ, այլ իրական գործ և իրական վաստակ։
Վաղարշակ Ամիրխանյանը համայնքապետ ընտրվելու դեպքում առանձնահատուկ կարևորություն է տալու ճանապարհների բարեկարգմանը և ընդհանրապես ճանապարհային ցանցի բարվոքացմանը, քանի որ դրանք համայնքների երակներն են ու պիտի դրանք առողջ պահել՝ աշխուժացնելով միջհամայնքային կյանքը։ Նմանապես կարևորվում է տրանսպորտի և ուղևորափոխադրումների խնդիրը։ Օրակարգում է Նաիրի համայնքի ներհամայնքային և միջհամայնքային փոխադրումների արդի պայմանների ապահովումը, որը կհեշտացնի ու ճկուն կդարձնի Երևանի և հարակից այլ քաղաքների հետ տրանսպորտային կապը։ Ուղևորափոխադրումները կկազմակերպվեն բարձրակարգ և հարմարավետ մեքենաներով:
Ծրագրվել է կառուցել Արագյուղ-Քարաշամբ ճանապարհը, որը հնարավորություն կտա Ապարանը կապել Չարենցավանի հետ և իրար միացնել Ապարան, Սևան մայրուղիները՝ աշխուժացնելով միջհամայնքային կյանքը և փոխադրումների հարմարավետությունը։ Կիրականացվի նաև Եղվարդ-Երևան ճանապարհի հիմնանորոգումը։ Դա միանշանակ բարձրացնելու է Եղվարդ քաղաքի և հարակից գյուղերի հասանելիությունը, հետևաբար և՝ գրավչությունը։ Չմոռանանք, որ Եղվարդը մայրաքաղաքի մեծ կենտրոնից հեռու է ընդամենը 10 րոպե։ Այդ գրավչությունը, իբրև շանս, պետք է օգտագործել, ինչին էլ հենց հակված են Վաղարշակ Ամիրխանյանն ու իր թիմը։ Բարեկարգելու են նաև Բուժական-Թեղենյաց վանք տանող ճանապարհը։ Դրա շնորհիվ մեր սրբությունը կդառնա ավելի հասանելի ու ճանաչելի, ինչն էլ կարևոր ազդակ կտա զբոսաշրջությանը Նաիրիում ու մասնավորապես՝ Բուժականում։ Ճանապարհաշինությունը չի սահմանափակվելու այսքանով։ Կնորոգվեն, կասֆալտապատվեն ու կբարեկարգվեն Զորավանի, Զովունիի, Քասախի ներհամայնքային բոլոր ճանապարհները և ջրագծերը։
Ի դեպ, նպատակ է դրվել է կառուցել Եղվարդ-Քասախ ջրագիծը, որի արդյունքում Քասախում առ այսօր ծարավ մնացած ավելի քան 400 հեկտար հողատարածություն կդառնա ոռոգելի։ Դա էլ իր հերթին լուրջ ազդակ կհանդիսանա համայնքում գյուղատնտեսական ներուժի համալրման ու զարգացման համար։ Բացի այդ կառուցվելու է խմելու ջրի ջրագիծ դեպի Սարալանջ համայնք, կնորոգվի ու կգործարկվի հարակից ջրավազանը։ Այս ծրագրի արժեքը կազմելու է շուրջ 70 միլիոն դրամ։ Սարալանջցիները երկար են սպասել այս խնդրի լիակատար լուծման։ Արդեն մոտ է այդ բաղձալի օրը։
Ուշադրությունից դուրս չի մնացել Եղվարդի ջրամբարի կառուցման հարցը, որը
սկսվել է դեռ խորհրդային տարիներին, եղել է նախորդ բոլոր իշխանությունների և կառավարությունների ծրագրում, բայց այդպես էլ չի իրագործվել: Կառավարության հետ բանակցություններում Վաղարշակ Ամիրխանյանի թիմը հասել է նրան, որ իշխանությունների հետ արդեն կա հստակ պայմանավորվածություն՝ Վեդիի ջրամբարի կառուցումից հետո սկսել Եղվարդի ջրամբարի կառուցմանը։ Սա, ինչ խոսք, հսկայական արժեք ունեցող ծրագիր է, որի արդյունքում ոռոգելի կդառնան ինչպես Նաիրի խոշորացված համայնքի, այնպես էլ ջրամբարից ավելի ներքև գտնվող Արմավիրրի մարզի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ լուծելով համապետական դարձած ոռոգման ջրի պակասի հարցը: Արդյունքում Եղվարդի ջրամբարը կլինի Հայաստանի բոլոր ջրամբարներից ամենամեծը։
Ջրի չափ նույնքան կարևորը մաքուր օդը, որի հիմնական երաշխավորը կանաչ գոտին է։ Եղվարդում նախատեսվում է ընդլայնել կանաչ միջավայրը։ Վաղարշակ Ամիրխանյանի և իր թիմի անմիջական նախաձեռնությամբ կյանքի կոչված զբոսայգու կառուցումը և արդիականացումն արդեն կհասցվի ավարտին։ Արդյունքում էապես կավելանա կանաչ գոտին, կստեղծվեն ծառուղիներ ու քայլուղիներ։
Զարկ է տրվելու մշակութային կյանքի աշխուժացմանը։ Նպատակը Նաիրի համայնքում մշակութային ու ժամանցային մթնոլորտի ապահովումն է, իրական մշակույթին ու արվեստին հաղորդակից լինելը։ Ստեղծվելու է մշակութային խորհուրդ, որին մաս կդառնան ինչպես համայնքաի մշակութային գործիչները, այնպես էլ հանրապետական նշանակություն ունեցող տարբեր մշակութային անհատներ ու կազմակերպություններ։ Շարունակվելու է Արագյուղի մշակույթի տան տեխնիկապես զինելու գործընթացը։ Թամանյանական ձեռագիր ունեցող այդ շինությունը հիմնանորոգվել է Վաղարշակ Ամիրխանյանի և իր համախոհների անմիջական նախաձեռնությամբ։
Ոսկի կանոնի պես պահպանվելու է սոցիալական արդարության սկզբունքը։ Վերջապես արդար և թափանցիկ են բաշխվելու սոցիալական աջակցության ֆոնդի գումարնեը։ Համայնքի բյուջեից սոցիալական օգնության տրամադրումը մինչև այժմ եղել է ոչ արդար և շատ դեպքերում ոչ նպատակային: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ այդ օգնության տրարադրումը համայնքապետը վերագրել է իր անձին, մինչդեռ աջակցությունը եղել է համայնքային կամ մասնավոր նախագծերով։ Այսուհետև այդ ամենը կլինի ճիշտ հասցեականությամբ։ Իսկական կարիքավորը կստանա իրական աջակցություն։
Հատուկ ուշադրություն բիզնեսին, գործունյա մարդկանց և աշխատատեղեր ստեղծողներին.կբարելավվի ներդրումային միջավայրը համայնքում։ Բիզնեսը կստանա իրական աջակցություն ու գործընկերություն։ Արդեն կան ձեռք բերված պայմանավորվածություններ, համաձայն որոնց կլինեն շուրջ 40 միլիոն դոլարի ներդրումներ ինտենսիվ գյուղատնտեսության, այգեգործության, ջերմոցային տնտեսության ոլորտներում, վերամշակող արտադրության և զբոսաշրջության մեջ։
Նաիրի խոշորացված համայնքը շահեկան դիրք ունի հանրապետությունում: Գտնվում է Երևանի Կոտայքի ու Արագածոտնի միջև։ Այս շահեկան վիճակը կարելի է օգտագործել հավուր պատշաճի։ Միայն թե դրա համար պետք է
զորեղ կամք և ճիշտ ընտրություն։
Կամքը Վաղարշակ Ամիրխանյանինն է, ընտրությունը՝ ձերը։