Search
Close this search box.

Արցախի ԱԳ նախարարը՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին

Ամենագլխավորն այն է, որ եռակողմ հայտարարության մեջ կարևորվում և շեշտվում է խաղաղության և կայունության պահպանումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։

Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդորությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի կարծիքով՝ այս հանդիպումն ինքնին չի կարող չվերաբերել բուն Արցախին։ «Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման ու առանցքային գործոններից մեկը, երբ որ հանդիպումը կազմակերպում է, և խաղաղության և կայունության մասին գաղափարներ են շեշտվում, ինքնին կարևոր է և չի կարող չանդրադառնալ նաև բուն Արցախին։ Թեպետ պարզ է, որ այս հանդիպման հիմնական շեշտը դրվել է երկկողմ հարաբերությունների, խաղաղության և կայունության պահպանման վրա», — հավելեց նա։

Իսկ թե ինչ նոր բան կտա այս եռակողմ հանդիպումը, ապա Բաբայանի կարծիքով՝ ժամանակը ցույց կտա։ «Ադրբեջանն այն երկիրն է, որ գրեթե միշտ հետամուտ չի լինում իր վրա վերցված պարտավորություններին։ Տեսնում եք, չէ՞, նույն այդ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և դրա կետերն ինչպես է ինքը խախտում, ինչպիսի՞ քաղաքականություն է վարում, և շարունակում է վարել։ Իսկ հաշվի առնելով, որ Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կարևորությունը, կարելի է ասել, որ սա ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ընդհանուր կարծիքն է։ Կարևորն այն է, որ շեշտը դրվում է խաղաղության և կայունության վրա, այսինքն՝ սրանով չի ընդունվում ցանկացած ուժային տարբերակ։ Բայց այնուամենայնիվ Ադրբեջանից սպասել, որ կտրուկ փոխելու է իր պահվածքը, իր քաղաքականությունը, կարծում եմ՝ շատ վաղաժամ է։ Եվ նա, ըստ երևույթին, շարունակելու է իր ապակառուցողական քաղաքականությունը», — ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը։

Նոյեմբերի 15-ին Եվրոպական խորհորդը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ԵԽ ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է հյուրընկալել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։

Հարցին թե, ի՞նչ ազդեցություն կունենա այս հանդիպումը հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում, Բաբայանը պատասխանեց․«Ակնկալում ենք, որ այդտեղ կհնչեցվի Եվրոպայի հավաքական կարծիքը, նույնպես հետամուտ կլինեն խաղաղության և կայունության պահպանմանը։ Եկեք սպասենք, տեսնենք, բայց ինձ թվում է՝ հիմնական շեշտը հենց այս գաղափարների վրա է դրվելու»։

Ըստ Բաբայանի՝ թե՛ ռուսական, թե՛ եվրոպական կողմերից եկող հիմնական ազդակները վերաբերում են խաղաղության և կայունության պահպանմանը։ «Խոսել հիմա, որ շուտափույթ կերպով կլուծվի հակամարտությունը համապարփակ ձևով, նույնպես իրատեսական չէ։ Կարևորը մենք կանգնենք մեր դիրքերի վրա, երբեք չխախտենք մեր կարմիր գծերը, իսկ մեր կարմիր գիծն այն է, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հետևաբար մենք պետք է մեր քաղաքականությունը հստակ տանենք, չշեղվենք մեր ճանապարհից, մնացածն էլ, այո, ժամանակը ցույց կտա», — եզրափակեց Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Սոչիում ընդունվել էր եռակողմ հայտարարություն, որը վերաբերում է 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառության վերահաստատմանը՝ «ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման», «հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանն» ուղղված համատեղ ջանքերի ակտիվացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելու համար հանձնաժողովի ստեղծմանը։

Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերի 15-ին ԱլԳ-ի հանդիպմանն, ապա համաձայն ԵԽ մամուլի հաղորդագրության՝ «առաջնորդները պայմանավորվել են հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը և բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի համար լարվածության հաղթահարման ուղիները», ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցների ընթացքում «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են նաև ստեղծել ուղիղ հաղորդակցության գիծ՝ համապատասխան պաշտպանության նախարարների մակարդակով, որը կծառայի որպես միջադեպերի կանխարգելման գործիքակազմ»։

Please enter a valid URL