Search
Close this search box.

Ինչու հեռացավ մարզպետը և ինչու են ՔՊ-ում իրար դեմ դուրս եկել․ Արագածոտնում ՔՊ-ն խառն է

Հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հրաժարական տվեց: Նրա հրաժարականի պատճառների մասին բազմաթիվ լուրեր շրջանառվեցին, սակայն հիմնական պատճառը թերևս ՏԻՄ ընտրություններն են, ավելի ճիշտ` որոշ համայնքներում ՔՊ առաջադրած թեկնածուների հարցում ունեցած տարաձայնությունները: Ոմանց հետ կապված մարզպետը դեմ է եղել, սակայն ՔՊ վարչությունը` Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջադրել է: Մարզպետի հրաժարականի վարկածներից մեկն էլ այն է, որ վերջինս նեղ շրջապատում բավական կոշտ է արտահայտվել քաղաքական ղեկավարության մասին, համապատասխան ձայնագրությունն էլ Նիկոլ Փաշինյանի ձեռքում հայտնվելուց հետո վերջինիս հորդորել են հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Համաձայն մյուս վարկածի էլ` ոչ պակաս լուրջ կոնֆլիկտը ծագել է Թալինում՝ դեռևս օգոստոսին ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տավրոս Սափեյանի հետ կապված, որին մարզպետն ի սկզբանե դեմ է եղել՝ և՛ ԺՊ նշանակվելուն, և՛ առաջադրմանը: Սակայն, ՔՊ-ում այլ կերպ են որոշել և, ըստ էության, զոհաբերել են ոչ թե Սափեյանին, այլ հենց մարզպետին: Թալինի համայնքապետի ներկա պաշտոնակատարը, հիշեցնենք, «Հանրապետության» անդամ, ապա ՀԱԿ-ին անդամագրված ազատամարտիկներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների եղբորորդին է: Վերջիններս 2008թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով դատապարտվել էին համապատասխանաբար երկուսուկես եւ երկու տարվա ազատազրկման, նրանք ձերբակալվել էին ընտրությունների նախօրյակին։ Սափեյան եղբայրների ու նրանց եղբորորդի Տավրոս Սափեյանի անունները շոշափվեցին նաեւ 2019թ. նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Հրաժարական տալուց հետո էլ նախկին մարզպետ Գևորգյանը զենքերը վայր չի դրել: Լրատվական կայքերից Yerevanlur-ին հասել են տեղեկություններ, որ այս ընթացքում Գևորգյանը իրեն ենթարկվող անձանց միջոցով հիմնել է «Թալին աշխարհ» անունով դաշինք և հետաքրքրական է՝ արդյոք դրա նպատակը ընտրությունների ժամանակ աշխատելու է ՔՊ թեկնածուի դեմ։ Նույնիսկ, շատերի կարծիքով համայնքապետարանի դիմաց կազմակերպված վերջին բողոքի ակցիաների հետևում հենց Գևորգյանն է, ով ամեն կերպ փորձում է տապալել թիմակցի աշխատանքը, իսկ հետագայում նաև՝ հաղթանակը ընտրություններում:

Նմանատիպ ներթիմային ռազբորկաները ՔՊ-ի համար նորություն չեն, սակայն, որ գործը կհասներ միմյանց ոտքի տակ բացահայտ փորելու՝ դժվար էր պատկերացնել: Ըստ էության, իշխանական թիմի նախկին և ներկա ներկայացուցիչների համար գլխավորը՝ ամեն գնով աթոռին հասնելը կամ այն պահելն է, իսկ թե այդ ընթացքում կտուժեն, թե կշահեն իրենց ղեկավարած քաղաքի, մարզի բնակիչները, վերջիններիս համար այնքան էլ էական չէ: Նմանատիպ իրավիճակ ընտրություններից առաջ նկատվում էր ՀՀԿ-ում, փաստորեն, այս հարցում ՔՊ-ն ՀՀԿ-ից հետ մնալ նույնպես չի ցանկանում, իսկ Փաշինյանի հավաստիացումները, որ ՔՊ-ում աթոռակռիվ և ներթիմային բախումներ չկան, անչափ հեռու են իրականությունից:

Please enter a valid URL