«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է գումարվելու, որի օրակարգում 16 հարց է։ Օրակարգի 13-րդ հարցով առաջարկվում է Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի շարք աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել։ Սա այս տարվա հուլիսին քաղաքապետարանի ընդհանուր աշխատավարձերի բարձրացման շարունակությունն է, այն ժամանակ ճարտարապետության եւ քաղաքաշինության բլոկի աշխատակիցների աշխատավարձերը չէին բարձրացրել, քանի որ իրավական ինչ-որ խնդիրներ կային։
Պարբերաբար աշխատավարձեր բարձրացնող եւ պարգեւավճարներ հատկացնող քաղաքապետարանն այդ մասին չի մոռացել, եւ նոյեմբերի 30-ի նիստում քննարկվելու է նաեւ նրանց աշխատավարձի հարցը։ Այսպիսով, Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի աշխատավարձը 346 հազար դրամից կդառնա 697 հազար դրամ, վարչության պետի տեղակալինը՝ 322-ից՝ 561 հազար դրամ, գլխավոր մասնագետի աշխատավարձը եւս շեշտակի կբարձրանա՝ 225 հազար դրամից դառնալով 323 հազար, իսկ գործավարինը՝ 164- ից՝ 248 հազար դրամ։
Այսքանով, սակայն, քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը չի ավարտվում․ ավելանալու են նաեւ այս վարչության բաժինների աշխատակիցների աշխատավարձերը։ Օրինակ՝ Քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման տարածքային առաջին բաժնի պետի աշխատավարձը 291 հազար դրամ էր, այս օրինագծով առաջարկում են դարձնել 408 հազար, գլխավոր մասնագետինը՝ 225-ից՝ 289 հազար, առաջատար մասնագետինը՝ 219-ից՝ 282 հազար դրամ եւ այլն։ Ինժեներական ենթակառուցվածքների բաժնում եւս բարձրացումներ կան․ բաժնի պետի աշխատավարձը 291 հազար է, առաջարկում են բարձրացնել 117 հազար դրամով, այսինքն՝ դարձնել 408 հազար դրամ։
Հողօգտագործման եւ հողհատկացման տարածքային առաջին եւ երկրորդ բաժնում, Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնում եւս բարձրացումներ կլինեն։
Հիշեցնենք․ համաձայն այդ նախագծի՝ քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակցի աշխատավարձերը ամռանը բարձրացան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստանում է ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետը․ նրա աշխատավարձն աճել է գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ՝ վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 200 հազար դրամ է։ Այս օրինագիծն անցկացնելու փորձը, հանրային ընդվզման պատճառով, 2 տարի առաջ տապալվեց։
Բայց իշխանությունը հետեւողականորեն գնաց աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով։ Նախագծի հիմնավորումն էլ այն էր, թե վերջին տարիների գնաճի հետ իրենց ստացածը համահունչ չէ։ Կարելի է կարծել, թե միայն իրենց վրա է անդրադառնում գնաճը։ Ի դեպ, նախագիծը ներկայացվել էր «Իմ քայլի» ավագանու «Առաքելություն» կուսակցության անդամ Լեւոն Սարգսյանի եւ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի կողմից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում