Նոյեմբերի երկուսին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 44 օրյա պատերազմի հետեւանքով ավելի քան 1 տարի 2 ամիս անհետ կորած համարվող 11 հայ զինծառայողի աճյուն: Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, թե հերոսների աճյունները ստանալու համար զինվորների ծնողները դրսում «միջնորդ են գտել, գումար հավաքել, որ որդիների աճյունները փոխանցեն ՀՀ-ին»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի զինծառայողներից մեկի հարազատը նման շահարկումներն այս թեմայի շուրջ տգեղ որակեց։ Այսօր են ծնողները ֆեյսբուքյան գրառմանը ծանոթացել ու զարմացել։
«Այն անձին, ով փոխանցել է այդ տեղեկությունը, ես դիմել եմ՝նշելով, որ իրականում չի կարելի շահարկել այդ հարցը, մանավանդ մենք՝ ծնողներս, գիտենք, որ ոչ մի ֆինանսական հարց չի եղել։ Մեզ ուղղակի օգնել են մարդիկ, ովքեր անհանգստացել են ու հոգատարություն են ցուցաբերել ծնողների նկատմամբ։ Տգեղ է այդ մասին խոսել ոչ միայն մեր, նաև այն մարդկանց նկատմամբ, որոնք անշահախնդիր օգնեցին, որ մենք ստանանք մեր երեխաների մարմինները»։
Զինծառայողի հարազատը տեղեկացրեց, որ զինծառայողների որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ՀՀ ԱԱԾ-ն, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, նաև ռուս խաղաղապահները։
«Մենք ամեն տեղ էլ դիմել ենք։ Հոկտեմբերի 20-ին հանդիպեցինք ռուս խաղաղապահներին, գեներալ Եգորովի հետ հանդիպում ունեցանք։ Դիմեցինք խնդրանքով, որ ունենք վիդեո՝ մարմիններ կան, բայց մտել ենք մի քանի անգամ, երեխաներին չենք կարողացել գտնել։ Ինքն ասաց, որ անպայման կաջակցի, ու առաջարկեց դեսպանատան միջոցով պաշտոնական նամակ ուղարկել Շոյգուին, այնտեղից էլ գրություն կուղարկվի Ադրբեջանի ԱԱԾ-ին և ՊՆ-ին։
Հիմա ո՞ր բանակցությունները արդյունք տվեցին, կոնկրետ ասել չեմ կարող, բայց այն, որ թե՛ Արցախի ԱԻՆ-ի ղեկավարության, թե՛ ռուսական խաղաղապահների, այստեղի ԱԱԾ-ի հետ էլ մենք աշխատել ենք, փաստ է։ Մի քանի անգամ Աբազյանը բանակցությունների ժամանակ մեր տված տեղեկությունը փոխանցել է, բայց արդյունք ունենք այսօր և երբ հստակեցում ունենամ՝ ո՞ւմ շնորհիվ է, շնորհակալություն կհայտնենք։ Ծնողները բոլորից շնորհակալ են, ովքեր աջակցեցին, ու կարողացանք միասնական մեր երեխաների մարմինները ստանալ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնաբերվել են Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները։ Նոյեմբերի երկուսին Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն:
Նրանցից 9-ի՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի հեգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի երկուսին, ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, զինվորական արարողակարգով։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի զինծառայողների անհետ կորելու փաստին։ Պատերազմը սկսվելուց հետո միտումնավոր, թե անգիտակցաբար, հրետանավորներին հրաման էր տրված տեղակայվել սահմանագիծ չունեցող տարածքում։ Հերոսները դիվերսիոն խմբի հարձակմանն են ենթարկվել 2020-ի հոկտեմբերի 12-ին ու միայնակ մնացել հարյուրավոր ադրբեջանցիների հետ, երբ սպաներն ու մի քանի զինծառայողներ լքել են կռվի թեժ կետը։ Որոնողական աշխատանքների արդյունքում 21 անհետ կորած զինվորներից 9-ի մարմիններն են գտնվել, իսկ 12-ը համարվում էին անհետ կորած։ Զինծառայողների հարազատներն առաջին իսկ օրվանից փորձում էին բացահայտել մութ պատմությունները։