Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչներին կառավարությունից ո՛չ ցորեն են ստացել, ո՛չ էլ վառելիք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։
Վերջինս, երբ դեռ գյուղի վարչական ղեկավարն էր, դիմել էր, որ բնակիչներին անհատույց ցորեն և վառելիք տրամադրեն, քանի որ նրանց հողերը մնացել են թշնամու հսկողության տակ, և բնակիչները սոցիալապես ավելի վատ վիճակում են հայտնվել։
«Ֆրանսիական հիմնադրամն է ամեն ընտանիքի 300 կգ ցորեն տվել։ Ուրիշ ոչ մի բան չեն տվել։ Վարչական ղեկավար եղած ժամանակ ասել էի, որ վերահսկողության ներքո։ Սա ապրել չէ, չգիտեմ՝ ինչպես են յոլա գնալու»,-ասաց Արգամ Հովսեփյանը։
Արոտի բացակայության պատճառով մարդիկ էժան գնով վաճառել էին իրենց անասունները։ Արավուսի բնակիչների հիմնական խնդիրը ցորենն ու դիզվառելիքն է, սակայն ինչպես Արգամ Հովսեփյանն է նշում, ամեն ինչի պակաս էլ ունեն մարդիկ։
Գյուղի բնակիչներից մեկն էլ երկու օր առաջ երեխաների հետ տեղափոխվել է Գորիս։ Անվտանգային հարցը նույնպես շարունակում է օրակարգային մնալ։
Արգամ Հովսեփյանը նաև նշում է, որ ներկայիս գյուղապետը Տեղ գյուղից է, ինչն իր կարծիքով ճիշտ չէ.
«Այս պատերազմական վիճակում վարչական ղեկավարը պետք է գյուղից լինի, արավուսցի լինի, որ գիշեր-ցերեկ տեղում լինի։ Մեր ժողովրդի հետ պետք է քնի ու արթնանա, թե չէ ուրիշ գյուղից վարչական ղեկավար նշանակելը սխալ է։ Նա շաբաթ-կիրակի այստեղ չի լինում, կարող է շաբաթը մեկ-երկու օր գա, երևա ու գնա»,-ասաց Արգամ Հովսեփյանը։
Հարցին՝ ադրբեջանական կողմը վերջին շրջանում սադրանքների դիմե՞լ է, Արգամ Հովսեփյանն ասաց, որ նման դեպք չի եղել։ Միայն նոյեմբերի 16-17-ին կուտակումներ են եղել, բայց դրանից հետո ոչինչ չի եղել։