Search
Close this search box.

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- ընդգծեց Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

«Իմ գործընկերներն ինձ զեկուցել են, թե ինչպես է ընթանում աշխատանքը: Այն բարդ է, բայց, այդուհանդերձ, այդ աշխատանքը առաջ է գնում, և կան հիմքեր ենթադրելու, որ մոտ ժամանակներում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել համապատասխան խմբի աշխատանքը տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ, այլև ընդունել համապատասխան անհրաժեշտ որոշումներ: Ինձ թվում է, որ դրանում է կայանում մեր բոլոր ջանքերի նպատակը, այն է՝ պայմաններ ստեղծել տարածաշրջանի վերածննդի, այն բանի համար, որ մարդիկ այնտեղ իրենց զգան անվտանգ և կարողանան զբաղվել տնտեսությամբ, զարգացնել իրենց տնտեսությունը: Եվ այդ ամենն, անշուշտ, պետք է ամենաբարենպաստ կերպով անդրադառնա քաղաքացիների կենսամակարդակի վրա»,- եզրափակեց Պուտինը:

Please enter a valid URL