ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու, վերացնելու, ինչպես նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպիսի պայմաններում Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, մեկ միասնական դիտավորությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: