Search
Close this search box.

Երեք լուր ունեմ, երեքն էլ Հայրապետյան Միքայելի վերաբերյալ

Երեք լուր ունեմ: Երեքն էլ Հայաստանի ամենաազդեցիկ և նույնքան հզոր Պահպանողական կուսակցության լեգենդար առաջնորդ Հայրապետյան Միքայելի (այսուհետ՝ լեգենդար) վերաբերյալ:

1. Իր բազմահազարանոց հարցազրույցներից ամենավերջին հարցազրույցում լեգենդարն ասել է, որ <ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՄԵՐ ԵՎ ՄԻՄԻԱՅՆ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է>: Սա ներկայացվելիք լուրերից ամենավատ լուրն էր:

2. Քանի որ Պահպանողական կուսակցությունը Հայաստանի (և ոչ միայն) ամենաազդեցիկ և նույնքան հզոր կուսակցությունն է, ապա 2021թ նոյեմբերի 3-ին լեգենդարին <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի հիմքով հարցում գրեցի: Թվով 3 շատ պարզ հարց եմ տվել: Մասնավորապես՝ հիմնադրման օրվանից սկսած, ե՞րբ են կայացել Պահպանողական կուսակցության համագումարները, քանի՞ տարածքային ստորաբաժանում ունի և քանի՞ անգամ է Պահպանողական կուսակցությունն ինքնուրույն կամ կուսակցությունների դաշինքի կազմում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին: Անցել է 23 օր: Լեգենդարը լռում է: Ընդ որում, օրենքը պարզ՝ ոչ աշխատատար հարցերի համար 5-օրյա ժամկետ է նախատեսում: Փաստորեն, Պահպանողական կուսակցության դեպքում տրվածս հարցերը չափազանց աշխատատար են: Ըստ այդմ, կարող է պարզվել, որ Պահպանողական կուսակցությունը, հիմնադրման օրվանից սկսած, ամեն օր համագումար է անցկացնում, աշխարհով մեկ սփռված տարածքային ստորաբաժանումներ ունի և շաբաթը մեկ անգամ մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի կամ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին: Դա լավ լուր է:

3. Կրեմլից օպերատիվ տեղեկություններ ենք ստանում առ այն, որ լեգենդարն արմատներով Սյունիքի Բարձրավան գյուղից է (հիշեցնեմ, որ Բարձրավանը Սյունիքի այն գյուղերից է, որը հայտնվել են ադրբեջանցիների շրջափակման մեջ): Կրեմլի տեղեկատվական աղբյուրները պնդում են, որ շատ շուտով գալու է Բարձրավանի՝ լեգենդարի ձեռքերում գտնվող և սույն հրապարակման 1-ին կետում հիշատակված վերջնական և անբեկանելի ապագան: Այս լուրի գնահատականը դուք տվեք:
Լուրերն այսքանով չեն ավարտվում: Հետևեք իրադարձությունների զարգացմանը:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL