ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովն անվանել է ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը դրան բացասաբար է վերաբերվում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք բացասաբար ենք վերաբերվում առաջիկա միջոցառմանը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք 1990-ականների սկզբներին պայքարեցինք, որ բաժանարար գծերը կրճատվեն ու վերացվեն, սակայն հիմա ԱՄՆ-ը նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել ու երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ՝ լավի ու վատի»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը կտրված է իրականությունից։ «Սա ամենևին կապ չունի աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի շատ երկրներ են նախընտրում ինքնուրույն որոշել՝ ինչպես են շարունակելու ապրել՝ ոչ մեկին չնայելով, սակայն նման փորձեր ԱՄՆ-ի կողմից արվում են»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։ Պեսկովը նաև նշել է, որ Վաշինգտոնը փորձում է մյուս երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումներն ու սեփականաշնորհել այդ եզրույթը։ «Նրանք փորձում են սեփականաշնորհել ժողովրդավարություն բառը։ Այսինքն, նրանց պատկերացմամբ՝ ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ըմբռնմանը։ Ակնհայտ է, որ այդպես չպետք է լինի և չի կարող լինել։ Դա, ըստ էության, չկա»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ դեկտեմբերի 9-10-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ, անցկացվելու է Ժողովրդավարության գագաթնաժողով, որին մասնակցելու հրավեր է ստացել 110 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը հրավիրված չեն գագաթնաժողովին։