«Իշխանությունը, հատկապես անվտանգության մարմինները, շատ արագ պետք է բացատրություն տան գաղտնալսող ծրագրի օգտագործման մասին»,- ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հայաստանցի օգտատերերի դեմ Pegasus ծրագրի միջոցով իրականացվող գաղտնալսումներին։
«Փաշինյանական կառավարությունը փողերը քամուն է տալիս, որ ամրապնդի իր ոստիկանական իշխանությունը։ Ձեզ գաղտնալսում են։ Հանկարծ այս իշխանության մասին վատ բան չասեք։ Գործ կհարուցեն։ Հեռախոսով չխոսեք։ Ուղղակի հրապարակային կարող եք ասել, որ Փաշինյանը հողատու եւ դավաճան է։ Երեկվա ասուլիսն էլ դրա վերջին ապացույցն էր»,- գրում է պատգամավորը:
Ըստ Մանուկյանի՝ հեռախոսային խոսակցությունների արձագանքներից հասկանում են, որ ինչ-որ բան այնպես չէ։
«Սա խոսում է իշխանության վախերի մասին։ Միայն այն փաստը, որ հասարակական կարգի պահպանման համար նախատեսված ծախսերը էապես նվազել են, փոխարենը ավելացել են պետական պահպանության ծախսերը, խոսում է այն մասին, որ իշխանությունն առավոտից երեկո մտածում է մի բանի մասին՝ ո՞նց անի, որ պաշտպանի սեփական իշխանությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը։ Այն ծրագիրը, որի մասին գրել է մամուլը, մի քանի միլիոնանց է։ Սա ուղղակի անթույլատրելի է»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանցի Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։ Նման նամակի մասին քիչ առաջ հայտարարեց նաև «ԱԺ պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: