Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Դավիթ Բեկ գյուղը ևս տուժել է հայկական ճանապարհներին՝ ադրբեջանական մաքսակետերի և անցակետերի տեղադրումից։ Դեպի Կապան ճանապարհը երկարել է բնակիչների համար տասնյակ կիլոմետրերով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դավիթ Բեկի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը։
«Դավիթբեկցիների համար խնդիր առաջացնելն այն է, որ պետք է իջնենք Կապան, այլընտրանքային ճանապարհով գնանք Գորիս։ Չենք կարող հին մայրուղով գնալ։ Ճանապարհը երկարել է՝ 22 կմ-ով։ Պետք է իջնենք Սյունիքի սովխոզ, հետո գնանք Գորիս»։
Հարևան Շուռնուխ գյուղ եւս նախկինի նման գնալ չեն կարողանում՝չնայած տեղում տեղակայված ադրբեջանցիների մոտով կարողանում են անցնել, սակայն վտանգ կա, որ շուտով անցակետ են տեղադրելու։ Սա այն հատվածն է, որ երկրի վարչապետն անվանում է «Չայզամի»՝ համարելով դա ադրբեջանական տարածք։
«Էստեղ էլի անցակետ ունեն, չեն տեղադրել դեռ, բայց իրենք են կանգնած Կարմրաքարի հատվածում՝ Չայզամի կոչվող հատվածն է, որ անցնում ես Շուռնուխ։ Մեր մոտից այնտեղ մոտ 11 կմ ճանապարհ է։ Կարող ենք գնալ դեպի Շուռնուխ, կարող ենք նաև՝ ոչ։ Անցակետը դեռ չեն տեղադրել, բայց ադրբեջանցիները կանգնած են»։
Պողոսյանը նշեց, որ մանրամասներ չգիտի, թե երբ նշված հատվածում կտեղադրվի ադրբեջանական անցակետ կամ մաքսակետ։ Դավիթ Բեկից Կապան իջնելու գործող ճանապարհ կա։ Ադրբեջանցիները Սյունիք մարզի Դավիթ Բեկ գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են։ Ճիշտ է, հիմա գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիր չունեն, բայց բնակիչները վախենում են։
«Անում ենք գյուղատնտեսական աշխատանքերը։ Այս պահին խնդիր չենք տեսնում, բայց ամեն վայրկյան վտանգավոր է, սադրանքների այս պահին չեն դիմում։ Հողագործական ու անասնապահական աշխատանքները վատ են, ժողովուրդը վախենում է՝ սահմանին մոտ են։ Անասուն չեն կարողանում պահել, ստիպված են լինում վաճառել, ուրիշ որտե՞ղ տանեն»։
Համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղում կամ պետք է հողագործությամբ, կամ անասնապահությամբ, կամ էլ դաշտավարությամբ զբաղվեն, բայց վտանգավոր է, ամենակարևորը համարում են սահմանի անվտանգությունը։