«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Խոշորացված համայնքի կենտրոնը Եղվարդ քաղաքն է, որին դեռ 2017-ին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան եւ Սարալանջ գյուղերը։ Այժմ Եղվարդին միավորվելու են նաեւ Կոտայքի խոշոր գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։
Նաիրիում ուշագրավ պայքար է ընթանում։ Պայքարում է 6 կուսակցություն՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, Արամ Զավենիչի «Հանրապետությունը» եւ Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։
ՔՊ թեկնածուն Վաղարշակ Ամիրխանյանն է։ Նա 2021թ․ մայիսից զբաղեցնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ցուցակի 2-րդ համարը Զովունու վարչական ղեկավարն է, 8-րդը՝ Պռոշյանի գործող համայնքապետը։ Ցուցակում են նաեւ Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցներ, անհատ ձեռներեցներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Իսկ Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լ․ Սարգսյանի կուսակցության ցուցակով։ Նա նախկինում ՀՀԿ-ական էր, այժմ՝ անկուսակցական, Եղվարդի համայնքապետն է 1999-ից։
Ի դեպ, «վերակազմյալ հնչակյանները» ՏԻՄ-ին մասնակցում են միայն Եղվարդում»: