Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է armtimes.com հարցմանը՝ հաստատելով, որ երաժշտական դպրոցներում սովորողների ուսման վարձավճարը հունվարի մեկից բարձրանալու է եւ, միաժամանակ, ներկայացնելով որոշակի մանրամասներ:
Տեղեկացրել էինք, որ Երեւանում հաշվառում չունեցող ծնողների երեխաների դեպքում վարձավճարը բարձրանալու է ավելի քան հարյուր տոկոսով: Իսկ քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե ինչով է հիմնավորվում մայրաքաղաքում հաշվառում ունեցողների եւ չունեցողների այդ տարբերակումը:
armtimes.com գրում է, որ ստացված պատասխանում խնդիրը ներկայացվում է հակառակ կողմից: Այսինքն՝ ոչ թե Երեւանի հաշվառում չունեցողներից է ավելի շատ գումար պահանջվում, այլ հաշվառում ունեցողներին տրվում են որոշակի արտոնություններ:
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունից, կատարվող փոփոխությունները գնահատելով որպես բարեփոխում՝ նշում են.
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների մասով քննարկվող բարեփոխումները կգործեն 2018 թվականի հունվարի 1-ից: Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված դրույթները՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար սահմանվել է տեղական վճար՝ հետեւյալ դրույքաչափերով՝ մեկ երեխայի հաշվարկով.
խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 17 500 ՀՀ դրամ,
երգեցողության ուսուցում՝ 15 000 ՀՀ դրամ,
պարարվեստի ուսուցում՝ 13 000 ՀՀ դրամ,
կերպարվեստի ուսուցում ՝ 9 000 ՀՀ դրամ,
թատերարվեստի ուսուցում՝ 8 000 ՀՀ դրամ:
Բարեփոխումների տեսլականով նախատեսվում է տեղական վճարի նկատմամբ կիրառել արտոնություններ, եթե
— երեխայի օրինական ներկայացուցիչներից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված են Երեւան քաղաքում,
— երեխայի ծնողը ազատամարտիկ է եւ (կամ) զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ է,
— երեխայի օրինական ներկայացուցիչների մեկը ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային, պայմանագրային եւ այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն են իրականացնում Երեւան քաղաքում,
— զոհված զինծառայողի երեխա է,
— երկկողմանի ծնողազուրկ երեխա է,
— սիրիահայի երեխա է:
Արտոնությունների կիրառմամբ վերը թվարկված յուրաքանչյուր տեսակի ուսուցման դիմաց տեղական վճարի դրույքաչափը նախատեսվում է՝ ամսական 8 000 ՀՀ դրամ, նախկինում գործող բազմազան վարձավճարների չափերի դիմաց (3000 ՀՀ դրամից մինչեւ 12 000 ՀՀ դրամ):