Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը՝ հաստատելով, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սոչիում սպասվող հանդիպմանը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հաստատում ենք, որ տեղի է ունենալու նախ եռակողմ հանդիպում, ապա Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։
Հարցին, արդյոք Կրեմլի հաղորդած օրակարգը նույնն է, Խաչատրյանը նշեց, որ օրակարգի հետ կապված մեկնաբանություն այս պահին չունի։
Հիշեցնենք, որ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում նոյեմբերի 26-ին:
Նշվում է, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: