Երևանի տարբեր փողոցներում այսօր վաղ առավոտյան անցկացված բողոքի ակցիաների մասնակիցներից ոստիկանություն բերման է ենթարկվել 18 մարդ։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից։
Ըստ նույն աղբյուրի` ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Հիշեցնենք, այսօր առավոտյան` ժամը 8։30-ի սահմաններում մի շարք քաղաքական ու հասարակական ուժեր միաժամանակյա բողոքի ակցիաներ էին իրականացրել Երևանի տարբեր հատվածներից դեպի Կենտրոն համայնք տանող գլխավոր ճանապարհների վրա։ Ակցիայի մասնակիցները մասնավորապես փակել էին Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաները, ինչը խցանումների պատճառ էր դարձել։ Շուրջ կես ժամ անց ոստիկանությունը բացել էր փակ փողոցները` բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներից ոմանց։
Նշենք, որ կցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց գործողությունները մեկնաբանում են ժողովրդին արթնացնելու, փողոց դուրս բերելու և հայրենիքը ստեղծված վիճակից հանելու մտադրությամբ։
Ակցիայի կազմակերպիչների հայտարարության համաձայն` այսօր` նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաք է նախանշված նաև Երևանի Հանրապետության հրապարակում, իրենց բնորոշմամբ, երկրին ու պետականությանը տեր կանգնելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին պարզ դարձավ, որ Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը: