Search
Close this search box.

Գեներալի պաշտոնանկությունը հաստատվեց. ինչ է սպասվում նրա բիզնեսներին

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհերքեց՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Կլինի նախագահի հրամանագիր, կիմանաք»,- ասաց Պաշտպանության փոխնախարարն՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու: Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։ Նման լուրեր տարածվեցին նաև սեպտեմբերին, բայց Բաղմանյանը մնաց տեղում՝ ասելով, որ հարմար չեն գտել իրեն ազատել:

Մոտ մեկ ամիս առաջ էլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հաստիքի կրճատման վերաբերյալ հարցին, Վիգեն Սարգսյանն ասել էր. « Հայկազ Բաղմանյանը ԳՇ պետի տեղակալն է, երկար ճանապարհ անցած սպա, որը կատարում է իր գործառույթները: Որեւէ կադրային նշանակումներ, ազատումներ նախապես մեր մոտ երբեք չեն քննարկվում, չեն մեկնաբանվում»:

Փաստացի հիմա քննարկվել է և հարմար են գտել ազատվել ռեստորանատեր գեներալ Հայկազ Բաղմանյանից, ով պոստմոդեռնիստական բիզնեսներ ունի` տարատեսակ ու տարաբնույթ, սկսած զորմասերի թեյարանների «դոլյա»-ներից, մինչև բիլիարդանոցներն ու խեցգետին ներկրել-արտահանելը: Մամուլում բազմիցս են հրապարակումներ եղել այն մասին, որ Բաղմանյանը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան չինովնիկը: Անգամ ապրիլյան պատերազմից հետո մամուլը գրեց, որ երբ ռազմաճակատում դեռ մարտեր էին ընթանում ու մարդիկ զոհվում, փառապանած գեներալի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր կապուտակ Սևանի ջրերին: Ըստ մամուլի՝ նա իր մարդկանց էր ուղարկում Սևան, որ խեցգետնի արտադրությամբ ու որսով զբաղվողները՝ խեցգետնի կիլոգրամը 200 դրամով հանձնեն գեներալին, որը հետո գեներալը կտանի Ռուսաստան, ուր 1 կգ խեցգետինը 1400 դրամով է վաճառվում:

Հենց այդ օրերին էր, որ նորատուսցիները փակել էին միջպետական ավտոճանապարհն ու պահանջում էին չխոչընդոտել իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունից ու արտահանումից են ստանում: Մաքսակետերում նրանց չէին տրամադրում որակի հավաստագիր, քանի որ մարդիկ ունեն շատ հզոր մրցակից՝ ի դեմս գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի: Իսկ քառօրյա պատերազմից հետո, երբ շատ էր խոսվում բանակը թալանելու ու պատասխանատվության մասին, շոշափվում էր նաև Բաղմանյանի անունը: Լրագրողների դիտարկմանը, թե պահանջում են նաև իրեն պատասխանատվության կանչել, քանի որ հսկայական ունեցվածքի է տիրապետում, Բաղմանյանը արձագանքել էր. «Իմ անունը նոր չի հնչում, 1994 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»:

Գեներալի այս խոսքերի մեջ թափանցիկ մեղադրանք կար իրավապահ մարմինների հասցեին: Ու կարծես ժամանակը հասունանում է ամեն ինչ իր տեղը դնելու,հասարակության սխալ ընկալումը փոխելու համար:

Please enter a valid URL