ԱՄՆ-ում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի, իրանական ծագմամբ խոշոր գործարար Ռըզա Սարաֆը, որն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքներն ու կանգնել ամերիկյան դատարանի առաջ, առաջին անգամ խոստովանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աջակցություն ստանալու ու նրա հետ անմիջական համագործակցության մասին:
Թուրքական «Բիրգյուն» պարբերականն ամբողջությամբ ներկայացրել է իրանցի գործարարի՝ ԱՄՆ-ում կայացած դատական լսումների սղագրությունը:
Հայտնի գործարարն ԱՄՆ-ում մեղադրվում է ամերիկյան պատժամիջոցներն արհամարհելով Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձերի, ինչպես նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Նրա հետ միասին նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին:
Սարաֆը խոստովանել է նաև Չաղլայանի հետ կապի ու նրան շուրջ 50 մլն եվրո կաշառք տալու մասին: Նա նմանատիպ գործարքների մեջ է գտնվել նաև Թուրքիայի պետական «Հալքբանկի» ղեկավարության հետ:
Առաջին իսկ դատական լսման ընթացքում Սարաֆը հայտնել է, որ իրենք Թուրքիայից Իրան են արտահանել ոսկի և սննդամթերք՝ հաճախ որպես միջանցիկ տարածք օգտագործելով Դուբայի շուկան: Նախօրեին կայացած երկրորդ դատական նիստի ժամանակ Սարաֆը հայտարարել է, որ Իրանի հետ կապված բոլոր գործարքների մասին հրամաններն ինքը ստացել է անձամբ Էրդողանից, որն այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը:
Դատական նիստի ընթացքում պարզվել է, որ գործարարը նպաստել է Հնդկաստանում, Չինաստանում և Ճապոնիայում Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի խախտմանը: