1994 թվականին ծնված Խաչիկ Գրիգորյանը 2020թ. 44 օրյա պատերազմին կամավորագրվելով մասնկացել է Մատաղիսի ինքնապաշտպանական մարտերին, 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Լաչինի միջանցքում գերեվարվել է՝ ադրբեջանական զորքերի կողմից: ArmLife.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ 34 օր գտնվելով գերության մեջ՝ հայրենիք է վերադարձել 2020 թ. դեկտեմբերի 14-ին:
Խաչիկը՝ կնոջ ու երկու մանկահասակ երեխաների հետ, վարձով ապրում է Մեծամորում, շուտով կծնվի նրա երրորդ երեխան: Ասում է, որ ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, փորձել է աշխատել, բայց առայժմ ի զորու չէ, չի կարողանում. նյարդային խնդիրները դեռ չեն հաղթահարվել. «Այս պահին չեմ աշխատում, հոգեբանի մոտ եմ գնում՝ բուժման նպատակով: Ունեմ հոգեբանական խնդիրներ, ամենակարևորը քնի խնդիրն է, գիշերներն ընդհանրապես չեմ կարողանում քնել, անկախ ինձնից, ամբողջ օրը նյարդային ու գերլարված վիճակ եմ գտնվում»,- նշում է Խաչիկը՝ տեղեկացնելով, որ սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, Պաշտպանության նախարարություններին: Առաջին տեղից մերժել են, իսկ երկրոդ տեղից դեռ երեք ամիս է չեն պատասխանել:
Խաչիկն ասում է, որ իր մոտ առկա խնդիրները հաղթահարելուց հետո պատրաստ է աշխատել, նպատակ ունի հիմնելու իր փոքր բիզնեսը: Իսկ առայժմ՝ իր ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու ու տան վարձը վճարելու նպատակով, նա ունի բարեսիրտ ու հոգատար մարդկանց աջակցության կարիքը, քանի որ պետական կառույցների բոլոր դռները նրա առաջ փակ են:
Խաչիկ Գրիգորյանին օգնելու նպատակով կարող եք զանգահարել իրեն պատկանող +374 94 95-18-20 հեռախոսահամարին: