Search
Close this search box.

Սյունիքում զոհված 23-ամյա Արթուր Մարտիրոսյանը պլանավորել էր հաջորդ տարի ամուսնանալ

Պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմն այս պահի տվյալներով 6 զոհ ունի. «Ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան՝ 31 տարեկան, պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան՝ 30 տարեկան, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան՝ 30 տարեկան, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան՝ 23 տարեկան, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան՝ 41 տարեկան։ Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է»։

Կրտսեր սերժանտ, 23-ամյա Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը 6 զոհերից մեկն էր՝ Լոռու մարզի Անտառամուտ գյուղից։ Համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում Արթուրին այսպես նկարագրեց․ «Արթուրը շատ լավ, ընտիր, գերազանց տղա էր, և՛ համայնքի համար, և բոլորի համար․․․ Ծառայել է Արցախում՝ Մատաղիսի զորամասում, այնուհետև զորացրվելուց հետո 1 տարով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Այնտեղից վերադառնալուց հետո որպես պայմանագրային զինծառայող՝ ծառայության անցավ ՀՀ Զինված ուժերում․․․»։

Համայնքի ղեկավարին հարցրեցինք, արդյոք տեղյա՞կ է՝ Արթուրի մարմինը դիահերձարանո՞ւմ է այս պահին․ «Չգիտեմ, չեմ կարող ասել, դեռ ոչ մի բան չգիտենք, ոչ հոգեհանգստի, ոչ էլ հուղարկավորության մասով․․․»։
Նշենք, որ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի արդյունքում գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

Please enter a valid URL