Search
Close this search box.

Համանախագահողների դիրքորոշումները Սյունիքի բախումների մասով համաձայնեցված են եղել․ Մարգարով

Կոնֆլիկտը ներառում է ավելի քան մեկ կողմ, համապատասխանորեն անհրաժեշտ է լինում կոչ անել ու դիմել երկու կողմերին։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով նոյեմբերևի 16-ին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ միջազգային հանրության արձագանքին։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի ուղղությամբ դիմել էին հերթական սադրանքին, ու հայ-ադրբեջանական զինված բախումներ էին սկսվել։ Նույն օրը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք էր բերվել համաձայնություն, որով, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, 18:30-ից արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր։ Իրավիճակը դեէսկալացնելու և կրակը դադարեցնելու կոչերով էին հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ֆրանսիայի, Ռուսաստան, ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրները՝ առանձին-առանձին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Կանադան։

Ըստ քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարգարովի՝ իսկ թե ինչ է տեղի ունենում ֆորմալ հայտարարությունից դուրս, դա հարցի ուրիշ կողմն է։

«Ինչպես մինչև այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնց մեջ կոչ էր անում երկուսին էլ դադարեցնել, այնպես էլ այսօր, որովհետև կոնֆլիկտը ներառում է ավելի քան մեկ կողմ։ Չնայած պարզ է, որ մենք ցանկություն կունենայինք, որ անմիջականորեն նշվի, մատնանշվի այն կողմը, որը հանդես է գալիս որպես ագրեսոր, համաշխարհային հանրության կողմից և տարբեր կազմակերպությունների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք խաղաղության կոչ են անում երկու կողմերին։ Հասկանալի է հետևյալը․ անհրաժեշտ է ունենալ փաստաթուղթը, որը ընդունելի լինի երկու կողմերի համար, մինչև մենք այդպիսի փաստաթուղթ չունենանք, շարունակվելու է այդ լարվածությունը և գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում, ոչ միայն նախորդ օրերին, այլև մի քանի ամսվա ընթացքում՝ արդեն նոյեմբերյան հայտարարությունից հետո», — նշեց ԵՊՀ պրոֆեսորը։

Ըստ Մարկարովի՝ այս պահին փոխվել է աշխարհագրությունը, փոխվել են տարածքները, բայց չի փոխվել Ադրբեջանի գործողությունների փիլիսոփայությունը, այն է՝ «գնալով համապատասխան պրովոկացիաների՝ ստանալ հարված և հետ քաշվել, կամ չստանալով հարված և նայել մի տարածքի վրա, որի շուրջ հետագայում կարող են տեղի ունենալ կամ չունենալ բանակցությունները»։

«Եթե նախկինում բոլորը գիտակցում էին, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես կողմ, որն իրականացնում է պրովոկացիաներ, հիմա էլ բոլորը գիտակցում են, թե ով ինչպես ինչ գործողություններ է իրականացրել։ Խաղի կանոններն այնպիսին են, որ կոնֆլիկտի մեջ, որտեղ մասնակցում է ավելի քան 1 կողմ, ուղերձն ուղղվում է երկու կողմերին», — ընդգծեց Ալեքսանդր Մարգարովը։

Ինչ վերաբերում է, օրինակ, Եվրոպայի խորհրդի կողմից միայն ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտելու հնարավորությանը, ապա Մարգարովը ենթադրում է, որ պետք է աշխատել ԵԽԽՎ-ի հետ։

«Առնվազն անհրաժեշտ է ներկայացնել սեփական մոտեցումները, ներկայացնել հակառակորդի գործողությունները, տեղեկացնել և ցույց տալ մեր տարածաշրջանում իրական վիճակը, առանց դրա աշխատանքն ուղղակի չի լինում։ Այսինքն՝ իրականացնել աշխատանքը, որը բխում է հայկական կողմի համապատասխան պատվիրակության ներկայացուցիչների մանդատից։ Առանց դրա մենք չենք ստեղծելու միջավայրը, որը կարող է նպաստել համապատասխան հայտարարության ընդունմանը, այսինքն՝ տվյալ պարագայում աշխատել տվյալ ուղղությամբ պետք է, բայց արդյոք դա հնարավո՞ր է լինելու, թե՞՝ ոչ, տվյալ պարագայում դա դիտվում է որպես բավականին բարդ խնդիր», — ընդգծեց քաղաքագիտության դոկտորը։

Ըստ ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առանձին-առանձին հայտարարել են այն, ինչը ներկայացված է եղել եռանախագահողների հայտարարության մեջ։

«Այսինքն՝ մենք կարող ենք ենթադրել, որ համանախագահողների դիրքորոշումները համաձայնեցված են եղել, և հետո առանձին վերցված պետությունները ևս ներկայացրին իրենց դիրքորոշումները հարցի վերաբերյալ։ Այդպիսին են խաղի կանոններն այս պարագայում», — եզրափակեց Ալեքսանդր Մարգարովը։

Please enter a valid URL